Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղքատության պատճառով երեխան չպետք է հայտնվի հաստատությունում

Հասարակություն
HOF

Երեխաների կարիքներն այսօր Հայաստանում բազմազան են, իսկ մատուցվող ծառայությունների տեսականին՝ սակավ: Չնայած պետությունն արդեն որդեգրել է  «Երեխան պետք է ապրի ընտանիքում» մոտեցումը, սակայն ըստ «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանի, ոլորտի բացերը դեռ բազմազան են. «Դեռևս կան հաստատություններ, որտեղ խնամվում են երեխաներ և դեռևս քիչ են այն ծառայությունները, որոնք մենք պատրաստ ենք տրամադրել երեխաներին: Պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Հայաստանում երեխաների 34 տոկոսն աղքատ է և կարիք ունի նմանատիպ ծառայությունների: Այդ ծառայությունները,  սակայն սահմանափակ են»,- նշում է տիկին Գարանֆիլյանը: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նախագահը վստահ է՝ որքան ավելանան  երեխայի խնամքի կենտրոնները, այնքան կբեռնաթափվեն մանկատները. «Պետության որդեգրած հաստատությունների վերակազմակերպման և երեխաների վերադարձը ընտանիք կարելի է ապահովվել մի քանի գործառույթով, նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի պետությունը որոշակի ծառայություններ մատուցի տվյալ կենսաբանական ընտանիքին՝ երեխայի վերադարձին պատրաստվելու համար:  Երբեք աղքատության պատճառով երեխան չպետք է գտնվի հաստատությունում»: Ցերեկային կենտրոնների դերը կարեւորում են նաեւ ՀՕՖ-ի երեխանների աջակցության կենտրոն հիմնադրամում. «Այդ հաստատությունները պետք է դառնան  ընտանիքների աջակցության բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որոնք երեխաներին  եւ ընտանիքներին առաջարկելու են բազմապիսի ծառայություններ, որոնք կուժեղացնեն եւ կամրապնդեն նրանց կապը»,-ասում է հիմնադրամի ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը: Տիկին  Գարանֆիլյանը  կառավարելով ցերեկային կենտրոնը պնդում է պնդում, որ դրանք չպետք է ամեն ինչ անեն  ընտանիքի փոխարեն. «Դրանք պետք է կանգնած լինեն ընտանիքների կողքին, այլ ոչ թե փորձեն իրենց վրա ամբողջությամբ վերցնել երեխաների խնամքի գործառույթները, այդպիսով՝ նպաստելով երեխա-ընտանիք կապի օտարացմանը»: Մեծամորում գործող բարեգործական ցերեկային կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին և տարեկան սպասարկում է համայնքի խոցելի ընտանիքների շուրջ 130 երեխաների և 100-ից ավելի ընտանիքներ. « «Ընտանիք և համայնք»  բարեգործական կենտրոնն ընդամենը ծնողներին օգնելու լրացուցիչ հնարավորություն է, երբ համապատասխան մասնագետները դպրոցից հետո երեխաների զբաղվածության, դաստիարակության և զարգացման գործընթացն են ապահովում, այդ ընթացքում նպաստելով, որպեսզի շահառու երեխաների ծնողները չկտրվեն իրենց աշխատանքից և ժամանակ ունենան իրենց ընտանիքի հացի խնդիրը լուծելու»: