Երեւանը նշեց գույների տոնը. երիտասարդները ներկվեցին. լուսանկարներ (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից Երեւանի Լենինգրադյան փողոցը միակողմանի փակ էր, հնչում էր բարձր երաժշտություն, բազմաթիվ երիատասարդների ձեռքերին գույներով լի տոպրակներ էին:
Երեւանը նշում էր գույների տոնը՝ Yerevan Color Run-ը: Միջոցառման ընթացքում մոտ երկու հազար մասնակից մասնակցեց հինգ կիլոմետրանոց վազքին: Առաջինն այս մրցուղին հաղթահարեց Մաշումյան Մհերը, որին հանդիսատեսը դիմավորեց գունային հրավառությամբ: Վերջնագծին հասած մյուս մարզիկները՝ աղջիկներն առանձին, տղաներն՝ առանձին, առաջինից երրորդ տեղերի համար ստացան խրախուսական մրցանակներ:
Ի դեպ, այս վազք-զվարճանքը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան, իսկ 2015թ.՝ արդեն Հայաստանում: Yerevan Color Run-ի նպատակներից մեկը Գյումրիում անօթեւան երեխաներին օգնելն է. միջոցառման մասնակցությունը վճարովի էր։
Մասնակիցները հինգ կիլոմետրանոց մրցուղին տարբեր կերպ անցան՝ ուղղակի մասնակցության, այլ ոչ մրցելու նպատակով՝ ոմանք հեծանիվով, ոմանք երեխաներին ուսերի վրա տանելով, ոմանք էլ՝ տարբեր ցուցապաստառներով: Yerevan Color Run-ի կազմակերպիչների խոսքերով՝ իրենց նպատակը զվարճանք, ուրախություն պարգեւելն է, առօրյայից մի փոքր կտրվելը:
Գունազարդվողների մեջ կային նաեւ մեծահասակներ, որոնք եկել էին իրենց թոռնիկների հետ: Իսկ խցանման մեջ կանգնած ավտոմեքենաների վարորդները դժգոհ չէին. մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ կուզեին մասնակցել, եթե չշտապեին:
Տոնակատարությունն ավարտվեց դիսկոտեկով եւ համերգային ծրագրով: Ի դեպ, երգչուհի Սոֆի Մխեյանը եւս անմասն չմնաց գունազարդ հրավառությունից. նա մասնակիցներին ողողեց գույներով, եւ մասնակիցներն իրենց հերթին ոտքից գլուխ գունազարդեցին երգչուհուն:
