Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը ներքին կարգով հրահանգել է հուշարձանների ցանկը չմեծացնել»

Կարևոր լուրեր Հասարակություն
as

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի մտնում պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկ: Հենց դա է պատճառը, որ այսօր  ճարտարապետները չեն կարողանում պետական մարմիններից  որեւէ բան պահանջել՝ հին մասնաշենքը չքանդելու համար: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահեցնում է, սակայն, որ անգամ դա հաշվի չառնելով՝ բազմիցս են դիմել  տարբեր կառույցների. «Տարիներ առաջ առաջարկել ենք «Զվարթնոց» օդանավակայանի շենքը ներառել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, որպեսզի պետության կողմից պաշտպանված լինի, սակայն դիմումը այդպես էլ մնացել է անպատասխան: Երեւի հենց դա էլ նկատի ունենալով՝ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել է, որ անելիք չունի»: «Կառավարությունը ներքին հրահանգ է տվել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակը չմեծացնել, որովհետեւ դա խոչընդոտ է քաղաքաշինության համար»,- հայտարարեց Մկրտիչ Մինասյանը՝ ասելով, որ  դա ներքին ինֆորմացիա է։ Մկրտիչ Մինասյանը վստահեցնում է, սակայն, որ  քաղաքապետարանը դեմ է քանդմանը, բայց արդյունք դրանից չկա. «Սա առաջին դեպքը չէ, բազմաթիվ շենքեր այս սխեմայով մենք կորցրել ենք»: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ  նկատեց, որ պետության համար ձեռնտու չէ շենքի պահպանումը. «Ցանկացած գումարի հետ կապված բան պետության համար ձեռնտու չէ, նա փող չունի, հույսը դրսից եկած տրանսֆերտներն են»: Մասնագետները հիշեցնում են, որ օդանավակայանը մեր պետության սեփականությունն է, եւ անժամկետ վարձակալությամբ է տրված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, պայմանով՝ նա պետք է բարվոք վիճակում այն պահի։ Մինչդեռ տարիների ընթացքում պարզ դարձավ, որ այն մնացել է լքյալ վիճակում : Ճարտարապետները հայտարարեցին, որ օդանավակայանի հին մասնաշենքը վերանորոգելու բազմաթիվ ծրագրեր են ներկայացրել, սակայն որեւէ մեկը չի ցանկացել ուսումնասիրել: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր երեկ գնալ Արգենտինայի դեսպանատան մոտ, չկա՞ արդյոք ներպետական կառույց, որից կարելի է որեւէ բան պահանջել, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Ես չէի թողնի նման կարգախոս լիներ («Էռնեկյան հանցագործ»-խմբ), բայց մենք չէինք կազմակերպել, կարծում եմ՝ կան կառույցներ, որոնց անընդհատ պետք է դիմել՝ մշակույթի նախարարությունը, կառավարությունը,  բայց ակցիաները պարտադիր չեն»: