Գերխնամքից երեխայի մոտ կարող է շիզոֆրենիա առաջանալ. հոգեբանի խորհուրդը
«Երկու մոտեցում կա դաստիարակության մեջ, որոնք իսկապես շատ վատ են անդրադառնում երեխայի ճակատագրի վրա. մեկը գերխնամքն է, մյուսը՝ պատժիչ միջոցները»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: «Ծեծ ու ջարդով մեծացած երեխաները ծնողներին ատում են, նրանք որպես կանոն իրենք էլ են դառնում շատ ագրեսիվ: Շատ հաճախ տարբեր նեւրոզներով հիվանդների մոտ ես այդ կոշտ, կոպիտ դաստիարակությունն եմ նկատել»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ հաճախ երեխայի դաստիրակության հարցում հայրերն ավելի մեղմ են, քան մայրերը: Ինչ վերաբերում է գերխնամքի հետեւանքներին, ապա Սամվել Խուդոյանի խոսքով, սա կարող է հանգեցնել շիզոֆրենիայի: «Այս կարգի երեխաների մոտ ինքնուրույնությունը լրիվ խեղդվում է»,- նշեց հոգեբանը՝ նկատելով, որ հայ ծնողներին բնորոշ է դաստիարակության հենց այս մեթոդը: «Այդ պատճառով էլ մեր երեխաները շատ ուշ են հասունանում: Նույնիսկ 40 տարեկան մարդու գրպանը հայրը փող է դնում, ասում ՝շուտ տուն կգաս, չուշանաս եւ այլն»: Պարոն Խուդոյանը նշեց, որ կա դաստիարակության եւս մեկ տեսակ՝ բարձիթողի կամ լիբերալ, որը հիմնականում բնորոշ է գերզբաղված ծնողներին, բայց նույնիսկ դա այդքան վտանգավոր չէ, որքան գերխնամքն ու պատժի վրա կառուցված դաստիարակությունը: Ի դեպ, հոգեբանի խոսքով՝ դաստիարակության անուղղակի մեթոդները մոտ տասն անգամ ավելի արդյունավետ են, քան ուղղակիները: «Եթե երեխային ասում ես՝ այս ինչ բանը մի արա, նա ճիշտ հակառակն է անում, բայց եթե ասես, օրինակ, մեր հարեւան Վարդանիկը շատ լավ տղա է, նա երբեք այդպիսի բան չէր անի, դու երեխային անմիջականորեն չես ասում՝ մի արա, բայց նա անմիջապես ենթագիտակցորեն վերցնում է դա իր վրա»: