Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ չեն հետաքրքրում նրանք, ովքեր բանկերում հաշիվներ ունեն». Սթեֆըն Քուրքչյան

Հասարակություն
stefan

«Խնդրում եմ իջեք երկնքից, ձեր ոտքերն ամուր դրեք հողի վրա  ու կատարեք արդարացի լրագրողական աշխատանք»,- այսպես իր խոսքը սկսեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպմանը ամերիկահայ լրագրող Սթեֆըն Քուրքչյանը: Լրագրողի խոսքով,  այցի նպատակը երիտասարդ լրագրողներին ցույց տալն է այն քայլերը, որոնք կբարելավեն հետաքննական լրագրության որակը Հայաստանում: Ամերիկահայ լրագրողը տեղի լրագրողների հետ աշխատում է երեք խնդրի շուրջ՝ կալանավայրերում գտնվողների կեցության պայմանները, հոգեբուժարաններում տիրող իրավիճակն ու քաղցկեղով տառապողների ճառագայթման սարքերի հնությունը: Այս երեք թեմաների ընդհանրությունն այն է, որ սրանք վերաբերում են հանրության առավել խոցելի շերտերին: «Ինձ չի հետաքրքրում այն անձանց վիճակը, որոնք բանկերում հաշիվներ ունեն: Իմ սիրտը նրանց համար չի ցավում: Իմ սիրտը ցավում է նրանց համար, ովքեր հիվանդ են քաղցկեղով»: 3 անգամ Պուլիցերյան մրցանակի արժանացած լրագրողը կարծում է, որ ցանկացած հասարակություն, որն իրեն հռչակել է ժողովրդավար, պետք է գնա դեպի փոփոխություն, իսկ լրագրողը,  լինելով  այդ համակարգից դուրս, հանրության ուշադրությունը պետք է հրավիրի Կսռավարության աշխատանքի բացերի վրա: «Մեր պատմության ուղղությունը սխալ կլինի, եթե կարծենք՝ Կառավարությունը պետք է դրական արձագանքի մեր աշխատանքին: Մեր գործը մարդկանց համար գրելն է: Ինչքան շատ ներկայացնենք քաղաքացիական հանրությանն առնչվող խնդիրները,այն ծառայությունները, որոնք պետք է արվեին, բայց չեն արվում, այնքան կմոտենանք հասարակության որակական փոփոխության»: Քուրքչյանը խորհուրդ է տալիս այն լրագրողներին, որոնք իրենց գործում օպտիմիստ չեն, այլ գործով զբաղվել. «Այս գործի մեջ որքան միտք է պահանջվում, այդքան էլ սիրտ»: Լինելով բազմաթիվ երկրներում, Քուրքչյանը փաստում է, որ Հայաստանը հիանալի երկիր է՝ ազատված բազմաթիվ արատներից, որտեղ փողոցներն անվտանգ են, կազմակերպված հանցագործությունները սակավ, իսկ երբ փողոցում միմյանց ականջին քչփչացող երեխաներ է հանդիպում, մտքով իսկ չի անցնում, թե թմրանյութի առքուվաճառքի մասին են խոսում: Սրա հետ մեկտեղ, լրագրողը մտահոգված է Կառավարության աշխատանքով: «Շատ հուսահատեցնող է, որ պետական պաշտոնյաները չեն հասկանում, որ ժողովրդի հետ հաղորդակցվելը պարտադիր պայման է: Քանի դեռ Կառավարությունը չի ընկալում՝ ինչ է օրենքի գերակայությունը, ինչ է քաղաքացիական հասարակության ներգրավումը, փոփոխությունների ակնկալիք հնարավոր չէ ունենալ: Ցավոք, հայաստանյան իրականությունն ավելի մութ է, քան պատկերացնում էի»: Հիշելով 2002 թ. իր այցը Հայաստան, «Spotlight» հետաքննող լրագրողների խմբի համահիմնադիրը,փաստում է, որ այն ժամանակ ազատ մամուլի մասին խոսք գնալ չէր կարող, այսօր վիճակը բարելավվել է, բայց ոչ կտրուկ. փոփոխությունները տեսանելի են՝ ի դեմս այն ուսանողների, որոնց հետ այս այցի ընթացքում աշխատել է Սթեֆըն Քուրքչյանը: «Ամեն մեկս մեր մեջ ունենք մի բան, դա ավելին է, քան ձախլիկ կամ աջլիկ լինելը, մի բան, որ ընդհանուր է բոլորիս համար, այն է, որ մենք պաշտպանում ենք արդարությունը, իսկ հայերի մեջ ես երկու բան կուզեի առանձնացնել՝ հաստատակամությունն ու արդարություն քարոզելը: Եվ ո՞ր բնագավառում կարելի է հանրային բարիք քարոզել, եթե ոչ լրագրության»: