Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Ենգիբարյանի փառատոնի աշխատանքները կազմակերպվում են միջանցքներում

Մշակույթ
dadasyan

2008 թ-ից երկու տարին մեկ Ծաղկաձոր քաղաքում անցկացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոն: Այս տարի փառատոնն անցկացվելու է օգոստոսի 10-15-ը: Չնայած որ փառատոնի կազմակերպիչները դեռ փնտրում են իրենց գլխավոր հովանավորին, դրա կազմակերպմանն աջակցել են ՀՀ Մշակույթի նախարարությունը,Երևանի մնջախաղի պետական թատրոնը,Ծաղկաձորի քաղաքապետարանը: «Ուզում եմ ուրախությամբ նշել, որ այս տարվանից փառատոնը դառնալու է ամենամյա. վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներկա լինելով անցած փառատոնների բացման ու փակման արարողություններին և տեսնելով ներկաների խանդավառությունը՝ որոշել է մեծացնել փառատոնի բյուջեն»,- նշում է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Փառատոնին ներկայացվում են ոչ միայն մնջախաղային, այլ նաև ակրոբատիկ, աճպարարական,պարային համարներ: Բացի Ծաղկաձորից, ցուցադրություններ են լինելու նաև Դիլիջանում և Երևանում: Այս տարվա ծրագրում ընդգրկված են Սերբիայից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից խմբեր և էթնիկ պարախումբ՝ Գանայից. վերջիններիս մասնակցության հայտը հաճելիորեն զարմացրել է Ժիրայր Դադասյանին: Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի, նախատեսվում է երևանյան հանդիսատեսին ապահովել անվճար ավտոբուսներով, որոնք սահմանված ժամանակացույցով, փառատոնի օրերին հանդիսատեսին կտեղափոխեն Երևան-Ծաղկաձոր-Երևան երթուղիով: Դադասյանն անդրադարձավ նաև Մնջախաղի թատրոնի «ցավոտ» կողմին՝ հիմնական հասցեի բացակայությանը: «Ես չգիտեմ մեկ այլ թատրոն, որ բեմադրություններ է իրականացնում միջանցքներում, մասնակցում միջազգային փառատոնների, փառատոն կազմակերպում: Դրա հետ մեկտեղ, մեկ տարվա մեջ միանգամից երեք 1-ին մրցանակի և Ոսկե մեդալի արժանանում՝ Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինա և Լեհաստանից»: Օրերս պարոն Դադասյանին է զանգահարել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և հետաքրքրվել,թե ինչու է խոսակցի ձայնը արձագանքում: Պատճառը այն է, որ պարոն Դադասյանի գրասենյակը Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆոյեն է. «Ես նախանձով եմ նայում մյուս թատրոնների իմ գործընկերներին, որոնք իրենք շենքում բեմադրություններ են անում,զբաղվում բացառապես ստեղծագործական և ոչ ադմինիստրատիվ աշխատանքով»: