Դատավորի պահվածքի հարցով կդիմեն Արդարադատության խորհուրդ
Տարբեր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող եւ արդեն երեք տարի կալանավորված Արմեն Ղազարյանի գործով դատական նիստն այսօր չի կայացել: Մեղադրողը գրություն է ուղարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ հայտնել, որ հաշվետվություն է գրում եւ չի կարող ներկայանալ: Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է դատախազի միջնորդությունը եւ նիստը հետաձգել մինչեւ սեպտեմբեր ամիսը՝ ծանրաբեռնվածության պատճառով: «Ինչ է նշանակում՝ դատավորը ծանրաբեռնված է եւ պետք է կալանքի վերացման վերաբերյալ միջնորդությունը քննի սեպտեմբերին, դա խայտառակություն է: Կալանքի միջնորդությունը պետք է անհապաղ քննվի»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Դատավորի նման վարքագծի համար պաշտպանական կողմը վաղը կդիմի Արդարադատության խորհուրդ: Այսօրվա դատական նիստում մեղադրողը պետք է ներկայացներ իր դիրքորոշումը Արմեն Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը վերացնելու վերաբերյալ: Արմեն Ղազարյանի պաշտպաններ Հայարփի Սարգսյանը եւ Արա Ղարագյոզյանն էին հանդես եկել նման միջնորդությամբ՝ նշելով, որ անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում իրենց պաշտպանյալի նկատմամբ: Արմեն Ղազարյանը մեղադրվում է առեւանգման, ավազակային հարձակման, դիտավորությամբ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որի հետեւանքով առաջացել է մահ։ Հանցագործության դեպքը տեղի է ունեցել 2000 թ-ին Դոնի Ռոստովում, 9 տարի անց Ռուսաստանում գործը կարճվել էր: Իսկ Հայաստանում գործը բացվել է 2011 թ-ին։ Պաշտպանական կողմը համոզված է՝ դատախազությունը պետք է հրաժարվեր մեղադրանքից: Ի դեպ, այս ընթացքում հնարավոր չի եղել դատակոչել ՌԴ-ում գտնվող վկաներին եւ տուժողներին: