Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի Նախագահի հետ (տեսանյութ)
Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Ողջունելով հյուրին՝ Վրաստանի Նախագահը գոհունակությամբ ընդգծեց, որ միշտ հաճելի է բարեկամ Հայաստանից բարձրաստիճան հյուրեր ընդունել և քննարկել երկու հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման հնարավորությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի Նախագահին փոխանցեց Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և տեղեկացրեց Թբիլիսիում իր ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձան տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին: Էդվարդ Նալբանդյանը Գեորգի Մարգվելաշվիլիին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչը հնարավորություն կընձեռի առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։ Նախագահ Մարգվելաշվիլին խնդրեց իր լավագույն բարեմաղթանքներն ու հարգանքի հավաստիքը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։