Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սյունիքի մարզը չպետք է դառնա Հյուսիսային Կորեա, իսկ Հայաստանը՝ Կրասնոդարի մարզ» (տեսանյութ)

Քաղաքականություն
babayan

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով «Սասնա ծռեր» խմբի մասին, նախ հետաքրքրվեց, թե արդյոք սրահում կա՞ն քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ապա նշեց, որ մեր երկրում  այսօր շատ դժվար իրավիճակ է ստեղծվել. «Այնքան աբսուրդ, նոն սենս բաներ եմ տեսնում...Եթե մի անձի պաշտպան զորքերն ավելի շատ են, քան Արցախի ճակատում մարտնչող զինվորները, արդեն նոն սենս է»,-ասաց նա՝ նշելով, որ եթե տղաները ցանկանում էին հեղափոխություն անել, ապա պետք է դա գաղտնի անեին, ոչ թե բացահայտ: «Երբ հեղափոխություն են անում, առաջին հերթին գրավում են հեռուստատեսությունը, ռադիոն, կայարանը, ոչ թե գնում, նստում են ՊՊԾ -ում: Ես կառավարության տեղը լինեի՝ կասեի՝ է նստեք, կփակեի, կկերակրեի էլ, բուժօգնություն էլ ցույց կտայի»: Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին՝ նշելով, որ իրեն նույնպես կանչել էին նախագահական, բայց ինքը հրաժարվել է գնալ. «Սերժ Ազատի Սարգսյանը բռնել է մի քաղաքական ուղի, որը բացարձակապես չեմ կարող մարդասիրական համարել: Երբ դու արհամարհում ես ժողովրդին, ժողովուրդն, իհարկե, չի կարող հավատալ քեզ:  Ես կոչ եմ անում՝ պարոն նախագահ, խնդրում եմ, աղաչում եմ անընդհատ խոսեք ժողովրդի հետ՝ մարդավարի, ոչ թե նախագահական ձեւով»,-ասաց նա՝ հավելելով՝ ինչո՞ւ չենք մտածում, որ սա Ռուսաստանի եւ Սարգսյանի կազմակերպածն է: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն, ում խոսքով՝ եթե հեղափոխություն ես անում, պետք է լինես հեղափոխական. «Հայրենասիրությունը դրոշ ենք դարձնում, որն արդարացնում է բոլոր տեսակի տաղանդների բացակայությունը: Հայրենասիրությունը մասնագիտություն մի դարձրեք»,-ասաց նա: Ռուբեն Բաբայանը նշեց, որ իշխանափոխությունն անհրաժեշտ է նույնիսկ այն դեպքում, եթե այն լավն է. «Հակառակ դեպքում այն լճանում է»: Խոսելով Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին՝ Բաբայանն անդրադարձավ այն հատվածին, որը վերաբերում էր Հայաստանը Սիրիա կամ Լիբանան չդարձնելուն՝ նշելով. «Ես ուզում եմ ասել, որ Սյունիքի մարզը չպետք է դառնա Հյուսիսային Կորեա, իսկ Հայաստանը՝ Կրասնոդարի մարզ»: