«Իշխանությունները մեզ մտցրել են հին գետը. ինչու ՀՀ դիրքերը թուլացան» (տեսանյութ)
«Նախագահը բարձր խոստում պետք է տար եւ հավատ ներշնչեր, որ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` բարձրաստիճան աշխատակիցները, պատասխան են տալու արարքների համար։ Մինչդեռ, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի գիտակցում կատարվածի պատճառները, այլ նաեւ ապագայում տեղի ունենալիքի պատասխանատվությունը»,- «Ա1+»--ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որտեղ նա ներողություն էր խնդրում լրագրողներից բռնության համար եւ խորհուրդ տալիս մոռանալ բռնությունները։ Նրա դիտարկմամբ, տեղի է ունեցել հանցագործություն խաղաղ ցուցարարների, տեղի բնակիչների նկատմամբ, հետեւաբար սա մոռանալու խնդիր չէ. «Ոստիկանության անհամաչափ եւ քրեորեն հետապնդելի գործողությունները չեն կատարվել միայն լրագրողների հանդեպ։ Լրագրողները դարձել էին այդ օրը բավական խոցելի խումբ, նրանց նկատմամբ բռնությունը կիրառվում էր թիրախավորված։ Նախապես հավաքելով ինչ-որ մի վայրում, ապա գործի դնելով պայթուցիկներ եւ այլն, այսինքն՝ ոստիկանները այդ օրը բացարձակ շահագրգռված չեն եղել, որ լրագրողները արձանագրեն իրողությունը»։ Անդրադառնալով մի քանի ամսից ազգային համաձայնության կառավարության ձեւավորմանը՝ քաղաքագետը տարակուսանք է հայտնում Սասնա ծռերին առաջարկելու են կառավարությո՞ւն ձեւավորել, թե՞ խոսքը խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք կառավարության մասին է։ Ես առավել հակված եմ, որ խորհրդարանական ընտրություններում ձեւավորվելիք կառավարության մասին է, քանի որ այս իրավիճակում մենք արձանագրել ենք, որ իրավիճակն ավարտել է կողմերից մեկի պարտությամբ ։ Ոչ միայն պարտությամբ այլ կապիտուլյացիայով, այլ գերեվարելով։ Գերեվարված կողմին առաջարկո՞ւմ են կառավարություն կազմել»։ «Պիտի ազգային համաձայնության կառավարություն գա, որպեսզի վերացնեք շուկայում առկա մենաշնորհները , որպեսզի գազի,լույսի շաքարի, մյուս բոլոր հարցերում, ռուսական եւ տեղական հայտնի անուններին տրված մենաշնորհները վերացնեք»։ Ստեփան Սաֆարյանն անդրադառնում է նաեւ ապրիլյան պատերազմին ու ընդգծում՝ իշխանությունները երեւի լավ չեն նկատել ՝ Հայաստանը եռում է Արցախյան խնդրով։ Սասնա ծռերի գործողությունները դրա փոքրիկ դրսեւորումն են միայն։ Մինչդեռ, նախագահն իր ելույթում կրկին խոսում է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս կազմելու անհնարինության մասին եւ ոչ մի խոսք՝ անվտանգության երաշխիք հանդիսացող շրջանների մասին։ «Այժմ մենք շարունակում ենք կրկնել նույն բանաձեւերը՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, տարածքներ՝ անկախության դիմաց, տարածքներ՝ անվտանգության դիմաց, տարածքներ խաղաղության դիմաց։ Իշխանությունները մեզ մտցրել են հին գետը, այն դեպքում, որ ուրեւէ պատասխանատվություն չկրեցին։ Ինչո՞ւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։ Ինչո՞ւ Հայաստանի դիրքերը թուլացան միջազգային հարաբերությունների համակարգում»։