Որն է Սասնա ծռերի և Նիկոլ Փաշինյանի միջև եղած անհամաձայնությունը
Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չընդգրկվեց հակաճգնաժամային խորհրդի նախաձեռնող խմբի կազմում. Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի այս հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել-չպահանջելու հետ կապված հարցերը։ Նա հիշեցնում է Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքը, որ իրենք ունեն խորհրդապահական տարբերակ՝ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում. «Ինչո՞ւ է գաղտնի պահվում։ Բացի այդ, Ալեք Ենիգոմշյանը հայտարարում է, որ Վիտալի Բալասանյանը խեղաթյուրում է Ժիրայր Սեֆիլյանի հետ խոսակցությունը՝ ասելով, թե Սեֆիլյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսինքն` մի բան կա, բայց ճիշտ չի ասվում։ Ավելի ուշ Ենիգոմշյանը կրկնեց այն, ինչ ասել էր Վարուժան Ավետիսյանը։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանն էլ իր վերջին նամակներում Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին բան չասաց»։ Նիկոլ Փաշինյանը հիշում է՝ «Ամսի 22-ին, անսալով Սասնա ծռերի և հանրության կոչերին, եկանք Խորենացի և ձևակերպեցինք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ որպես թիվ մեկ պահանջ։ Այդ հարցն օրակարգ էր մտցրել «Սասնա ծռերը»՝ իր գործողությամբ, բայց մի քանի ժամ անց հարցը հետ է քաշվում օրակարգից. Համենայնդեպս, անհապաղ հրաժարական չէին պահանջում։ Ի՞նչ անել, այս ամենի մասին խոսել հենց հարթակից՝ ինչը կնշանակեր պայքարելու ենք Հիմնադիր Խորհրդարանի դեմ, կամ արձանագրելով փաստը՝ իջնել հարթակից։ Եվ հետո՝ մեզ ասվում է՝ այստեղ չեք կարող լինել որպես կուսակցության ներկայացուցիչ. սա նույնն է, թե ասեն՝ ձեր քաղաքական համոզմունքները, սկզբունքները մի կողմ դրեք, բա ո՞ւմ համոզմունքների շրջանակում մնանք։ Հենց առաջին օրերից ես ասացի, որ շարժման հաջողության գրավականներից մեկը՝ իրար հակասող մեսիջներ չպետք է լինեն»։ Արցախյան հարցի մասին՝ այստեղ