Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու ոստիկանությունը ներողություն չի խնդրում բոլորից. Արսինե Խանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
pastabanner

Կանադահայ դերասանուհի, ռեժիսոր Արսինե Խանջյանը հիշում է, թե ինչպես հուլիսի 26-ին առանց որեւէ պատճառի նա հայտնվեց ոստիկանության բաժանմունքում: Մոտ երեք ժամ գտնվելով այնտեղ՝ դերասանուհին այդպես էլ չհասկացավ, թե ինչու է այնտեղ տարվել. «Ինձ ասացին՝ թյուրիմացություն է եղել եւ ներողություն խնդրեցին: Բայց ինձ հետ այնտեղ կային հարյուրից ավելի մարդիկ, եւ ես հարցրեցի՝ եթե ինձ թյուրիմացաբար եք ձերբակալել, նրա՞նց ինչու եք ձերբակալել, նրանցից ինչու՞ ներողություն չեք խնդրում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Տիկին Խանջյանը նշում է, որ ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո իր հետ կապվել են կանադական լրատվամիջոցները: «Երբ ես պատմեցի նրանց ինձ հետ կատարվածը, նրանք ինձ հարցրեցին՝ բայց Հայաստանը դեմոկրատական երկիր չէ՞: Ես ստիպված էի ասել, որ այո, դեմոկրատական է, պարզապես այս օրերին որոշ իրավունքներ են խախտվել: Դեմոկրատիայի հարցը Հայաստանում շատ լուրջ է: Եթե մարդը պարզապես արտահայտում է իր կարծիքը, դրա համար նա կարող է պատժվել»,-ասաց դերասանուհին՝ հավելելով, որ այս դեպքերից հետո ինքը  հետեւողական է  լինելու ոչ թե իր համար, այլ բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն բերման էին ենթարկվել: Ասուլիսին ներկա՝ փաստաբան Արամազդ Կիվիրյանն էլ նշեց, որ վերջին օրերին ոստիկանների գործողությունները փլուզեցին այն առասպելը, որը ոստիկանությունը կառուցել էր այս տարիների ընթացքում: «Ոստիկանությունը ցույց տվեց, թե ինչպես է աշխատում իրապես: Բնականաբար, սա եղել է նաեւ մինչ այդ, բայց եղել է կոնկրետ անձանց դեպքում եւ այդքան մեծ հնչեղություն չի ունեցել»,-նշեց նա՝ հավելելով, որ առաջիկայում բողոքարկելու են ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները: Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով էլ՝ եթե թողնենք, որ ոստիկանությունն ինքն իրենով փորձի փոխվել, ապա կսահմանափակվենք միայն ներողություն խնդրելով: Տիկին Սահակյանը նշում է՝ եթե հարկ լինի, այս հարցով կդիմեն ՄԻԵԴ, որպեսզի ոստիկանական համակարգում ինչ-որ փոփոխություններ լինեն: «Պետք է հասնենք նրան, որ խախտումներն արձանագրվեն եւ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, միայն սա է, որ կբերի փոփոխությունների»,-նշեց նա՝ հավելելով, որ նախկինում ոստիկանները միայն վարչական պատասխանատվության ենթարկելով էին փորձում մարդկանց լռեցնել, իսկ հիմա, տեսնելով, որ դա ազդեցություն չի ունենում, քրեական հետապնդումներ են իրականացնում: