Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը՝ Մարտի 1-ի ու ստվերային կառավարություն ստեղծելու մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
March1a1

Ինչպիսի՞ն է տեսնում հետագա քայլերը՝ ապավինում են  միայն իշխանափոխությա՞նը, թե՞ նաև փողոցային պայքարի միջոցով են տեսնում հաղթանակի հասնելու ճանապարհը և արդյո՞ք մտածում են ստվերային կառավարություն ստեղծելու մասին. օգտատերերից մեկի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց, որ  ընտրություններն իրենց համար նպատակ չեն և «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրում նշված է ինչպես փողոցային պայքարը, այնպես էլ թավշյա հեղափոխությունը, բայց երկուսի  դեպքում էլ ամենակարևոր կոմպոնենտը ժողովրդի աջակցությունն ու համաձայնությունն է: «Իշխանափոխություն կարելի է անել միայն ժողովրդի համաձայնությունը ստանալուց հետո: Ենթադրենք մենք հիմա գնացինք և Սերժին հեռացրեցինք Բաղրամյան 26-ից, ժողովուրդը դա ուզում է, և մենք դա կարող ենք անել բոլոր այն դեպքերում, երբ մեզ կլիազորի ժողովրդի մեծամասնությունը: Ընտրությունները այդ կամքը արտահայտելու ամենաընդունված միջոցն է, բայց ոչ թե միակ միջոցը: Մեր համոզմամբ՝ իշխանափոխության կարևորագույն կոմպոնենտը ներկայացնելն է, թե ինչ է դրանից հետո լինելու, միայն բուն գործողությունը չէ այդ իշխանափոխությունը»,-ասաց նա: Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ թե հերթական, թե արտահերթ ընտրություններին մասնակցելը մնում է իրենց կուսակցության օրակարգում: Անդրադառնալով ստվերային կառավարություն հիմնելու վերաբերյալ բաղադրիչին՝ Փաշինյանի տեղեկացմամբ՝ ՔՊ-ում դրա նպատակահարմարությունը հիմա քննարկվում է, սակայն վարչապետի կամ կառավարության անդամների թեկնածուների կոնկրետ անուններ առայժմ չի կարող ներկայացնել: Իրենց կուսակցության անդամների հետ քննարկումներից հետո կառաջարկեն վարչապետի իրենց թեկնածուին և այդպիսով կսկսեն ստվերային կառավարության ձևավորումն ու գործունեությունը: Մեկ այլ օգտատեր Փաշինյանին հիշեցրեց, որ մի քանի օր առաջ համացանցում ինչ-որ մեկը տեղադրել էր նրա  ու պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսազրույցը՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ: «Ինչպես կգնահատեք ձեր մեղքի բաժինը մարտի 1-ի ժամանակ և պատմեք նաև,թե ինչ դերակատարություն եք ունեցել մարտի 1-ին»,-հետաքրքրվեց օգտատերը: «Ժամանակ առ ժամանակ իմ և Ալիկ Արզումանյանի, իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի հեռախոսազրույցները տեղադրվում են համացանցում, ես այդտեղ որևէ արտասովոր բան չեմ տեսնում: Իսկ ի՞նչ սխալ բառ եմ ես այդ  հեռախոսազրույցում ասել, հակառակը՝ ես իմ հպարտությունն եմ հայտնել, որ այդքան մարդ է հավաքվել հրապարակում, որ մենք նրանց կամարտահայտությունն ենք իրականացնելու և ոչ մի բան դրանից ավելի: Ես ամենայն պատասխանատվությամբ հիմա հայտարարում եմ, որ ով կասի, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մյասնիկյանի արձանի մոտից հեռացել է ինձանից հետո, ուրեմն նա սուտ է ասում, ես ամենավերջինն եմ գնացել այնտեղից, իսկ թե ինչ դերակատարություն եմ ունեցել, դրանք բոլորը եղել են տեսախցիկների առաջ,բոլոր ձայնագրություններն ու տեսանյութերը կան, կարող եք հերթով նայել: Ես եկել եմ մարտի 1-ի իրադարձությունների վայր  և կառուցել եմ բարիկադներ, որպեսզի ոստիկանության և ժողովրդի միջև բախումներ տեղի չունենան, ոստիկանությունը չկարողանա հարձակվի և  այդ բոլոր բախումները եղել են իմ կառուցած բարիկադներից այն կողմ: Իմ դերակատարությունը մարտի 1-ին այնքան բաց ու թափանցիկ է եղել, որ ես թաքցնելու ոչ մի բան չունեմ: Ես այդ հեռախոսազրույցների ժամանակ ասած ամեն բառիս տակ ստորագրում եմ ու չեմ հրաժարվում իմ ասած խոսքերից, որոնք զուտ հպարտության խոսքեր են եղել: Իմ դերակատարումը մարտի 1-ին եղել է ժողովրդի քաղաքական իրավունքի պաշտպանությունը»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: Իսկ վերջում իր ֆեյսբուքյան հարցուպատասխանը Փաշինյանն ամփոփեց տոկունություն մաղթելով բոլոր  այն մարդկանց, ովքեր այսօր գտնվում են բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար: