Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շ. Քոչարյանը չժխտեց «Սասնա ծռերի» գործողությունների ազդեցությունը ԼՂ հարցի վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shavarsh

Տարածքներ զիջելու մասին երբեւիցե խոսք չի եղել եւ չկա. այսօր կառավարության նիստից հետո վստահեցրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը. «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասաց, որ միակողմանի զիջումներ ընդհանրապես չեն լինելու, ինչպես նաև բացառվում է, որ  ԼՂՀ-ն կլինի Ադրբեջանի կազմում»: Փոխզիջումների մասին, ըստ Քոչարյանի, կարելի է խոսել միայն մի դեպքում. «Երբ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ԼՂՀ այն տարածքները,  որը օկուպացրել է, վերադարձնի, որ ընդունում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, պատրաստ է հաշտվել այն հանրաքվեի հետ, որն իրականացրել է Արցախի ժողովուրդը,  այդ ժամանակ այդ հարցերը տեղին կլինեն: Քանի դեռ այդ բոլորը չկան, ես կարծում եմ, խոսել այդ ուղղությամբ, ընդամենը պարտվողականություն է»: Հարցին, թե օգոստոսի 10-ին Ռուսաստանում կայանալիք  Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո  ղարաբաղյան հարցում ակնկալո՞ւմ են որևէ փոփոխություն  Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այնտեղ ամեն ինչ շատ հստակ է: Կա երկու հարթություն, մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիենայում, դրանից հետո Սանկտ Պետերբուրգում: Այսինքն` խոսքը վստահության մթնոլորտի ստեղծման մասին է, որն առաջարկել են համանախագահող երկրները: Իսկ դա, առաջին հերթին, նշանակում է՝ շփման գծում չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ և այլն: Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ այս բոլոր հարցերը լուծվեն»: Նա վստահեցրեց, որ բանակցություններն ընթանում են՝  չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ խոսում է մի բան, իսկ հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում. «Համենայնդեպս, ակնհայտ է, որ արդեն քայլեր են կատարվել այդ բանակցությունների արդյունքները  վիժեցնելու ուղղությամբ»: Շավարշ Քոչարյանը  չժխտեց, որ «Սասնա ծռերի» գործողություններն ինչ-որ կերպ ազդեցություն են ունենալու Ղարաբաղյան հարցում. «Պահանջներից մեկը, որը նրանք բարձրացրել էին, նաև կապված էր ղարաբաղյան հիմնախնդրի հետ, դա կա: Թե ինչպես դա կազդի, դժվարանում եմ ասել»: Հարցին, թե հայկական կողմը ճնշումների ենթարկվո՞ւմ է Ռուսաստանի կամ այլ պետության կողմից, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի, իսկ դա նշանակում է, որ կողմերից պահանջում են որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները  մերձենան, ինչը բնական է ցանկացած բանակցային գործընթացում, բայց դա միջնորդություն է»: