Պարզաբանում <Էներգաիմպեքս> փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ին
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Էներգաիմպեքս» ՓԲԸ ստեղծելու վերաբերյալ տարածել է պարզաբանում, որում ասված է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման տարբեր գործարքներ:
Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից, ինչպես նաև, Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից, որով հայտարարվել էր Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ էներգետիկ միջանցք ստեղծելու մասին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերություն:
Սա հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Ինչ վերաբերում է իրանական գազի ծավալների առաջիկա եռապատկմանը, ապա դա ուղղակի կապ ունի նաև Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման հետ, որի կառուցումից հետո երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը ևս շեշտակի կավելանա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ունի էներգետիկ ոլորտում աշխատանքի փորձ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ, և թե՛ Վրաստանի հետ, ինչը լուրջ առավելությունն է տարածաշրջանում, Հայաստան-Վրաստան և Հայաստան- Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը զուգընթաց, Հայաստանի տարածաշրջանային էներգետիկ ծրագրերը կթևակոխեն որակական նոր հարթություն:
Ուստի ակնկալվում է, որ այս և նմանատիպ միջոցառումների շնորհիվ կմեծանա տարածաշրջանում ՀՀ էներգետիկ դերակատարությունը, բացի դրանից, ներքին և արտաքին շուկաներում լրացուցիչ էլեկտրաէներգիայի և գազի իրացումը կնպաստի պետական բյուջեի տնտեսական ցուցանիշների և հարկային մուտքերի ավելացմանը»: