Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը փոխվել է

Քաղաքականություն
artur

«Եթե սա քաղաքական հրահանգ չլիներ, ապա դատարանի ներկայացրած կալանքի միջնորդությունը անհիմն կհամարվեր» «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը  փոխվել է: «Նախկինում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ  Քրեական օրենսգրքի 218-րդ  և 235-րդ  հոդվածներով , իսկ հիմա նա մեղադրվում է այդ հոդվածներով նախատեսված հանցանքներին օժանդակելու համար, այսինքն ոչ թե այդ հանցանքները կատարող այլ օժանդակող»,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արթուր Սարգսյանի  փաստաբան Տիգրան Եգորյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ այդ հոդվածներով նախատեսված պատժամիջոցների չափը՝ 8-15 տարի է, պարզապես դատարանը գնահատում է պատժի խստության համաչափությունը, թե ում ինչքան պատիժ պետք է նշանակվի: «Բնականաբար, կատարողին ու կազմակերպիչներին ավելի խիստ պատիժ է նշանակվում, քան օժանդակողին»,-նշեց փաստաբանն ու հավելեց. «Նրան սկզբում հուլիսի  17-ին ՊՊԾ գունդը գրաված անձ էին դիտարկել, սակայն նա այդ ժամանակ գունդ չի մտել: Նա ամսի 26-ին է սնունդ տարել «Սասնա ծռեր»-ի անդամներին: diana- nkar Tigran EgoryanԱյսինքն սա անփույթ, առանց նորմալ փաստերը քննարկելու, ուղղակի շաբլոնային մեղադրանքներ էին առաջադրել և արդյունքում ստացվել էր, որ գնդի տարածք ամսի 26-ին մտած անձը ամսի 17-ին ՊՊԾ գունդն է գրավել: Սա վկայում է այն մասին, որ ոչ թե գործի քննության արդյունքում է մեղադրանքներն առաջադրվել, կալանքի որոշումը կազմվցել, այլ պարզապես հրահանգի»: Ընդհանուր առմամբ՝ ստեղծված իրավիճակը Տիգրան Եգորյանը գնահատեց այսպես. «Այսօր մենք առերեսվում ենք վրեժխնդրության, հաշվեհարդարի և արդար դատաքննության հետ ոչ մի աղերս չունեցող մի գործընթացի հետ, որի նպատակը մեկն է՝ պատժել բոլոր նրանց, ով հանդգնել է այդպիսի արարք անել և դրանով իսկ լավ դաս տալ բոլոր նրանց, ովքեր հնարավոր է վաղը հանկարծ ցույցերի կամ նման բաների միջոցով ընդդիմանան իշխանությանը: Սա դասական բռնապետական երկրներին բնորոշ գործողություններ են և արդար դատաքննության հետ ոչ մի կապ չունեն»: Արթուր Սարգսյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ողնաշարի վիրահատությունների է ենթարկվել և տեղաշարժման լուրջ խնդիրներ ունի: Փաստաբանը համոզված է, որ քաղաքական կամք լինելու դեպքում՝ այս առողջական խնդիրները բավարար  են, որպեսզի  Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեր գրավով: «Եթե սա քաղաքական հրահանգ չլիներ, ապա դատարանի ներկայացրած կալանքի միջնորդությունը անհիմն կհամարվեր»-եզրափակեց Տիգրան Եգորյանը: