Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արթուր Սարգսյանը հաց կտաներ նաև ոստիկաններին, եթե ունենային դրա կարիքը»

Քաղաքականություն
hats

«Հնարավոր է տարիներ հետո ունենանք նաև  «Հաց բերողի» արձան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում «Հաց բերողը» հոդվածի հեղինակ Նարեկ Ավետիսյանը: Հոդվածը ավելացվել է երեկ։ Հոդվածի հերոսն Արթուր Սարգսյանն է, ով հուլիսի 26-ի վաղ առավոտյան իր մեքենայով ճեղքել էր Էրեբունու ոստիկական գումարտակի ոստիկական պատնեշը և սնունդ հասցրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ «Էրեբունու ոստիկանական գումարտակի գրավման հետ կապված իրադարձություններում ինձ ամենից շատ տպավորեց Արթուր Սարգսյանի արարքը և իր ընկերներից մեկի այն խոսքը, որ հաց տանելուց առաջ մի քանի օր նա իր տեղը չէր գտնում՝ ասելով. « Ես հիմա ոնց հանգիստ խղճով հաց ուտեմ, երբ տղաները սոված են»»,- պատմում է Նարեկը: Սկզբնական շրջանում կենսագրական բավարար տեղեկություններ չունենալու պատճառով  Նարեկը դժվարացել է ստեղծել հոդվածը, սակայն մամուլից տեղեկանալով Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա  ակցիայի մասին, սկսել է «Հաց բերողը» հոդվածի շուրջ աշխատանքները: «Նրան տրված անունը՝ «Հաց բերողը», ընկալել եմ որպես հավաքական կերպար. Արթուր Սարգսյանը ոչ միայն հաց տարավ «Սասնա ծռերին», նա իր քայլով ցույց տվեց, որ մենք «հաց տվող» ժողովուրդ ենք: Նա դա արել է նաև Արցախյան ազատամարտի ժամանակ և կաներ, եթե հացի կարիք ունենային նաև ոստիկանները»,- համոզված է հոդվածի հեղինակը: Հիշեցնենք, որ  Արթուր Սարգսյանը կալանավորված է «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով։