Նոր կուսակցությունը դեռ չի ընտրել բեւեռը (տեսանյութ)
Հանուն երկրի սոցիալական արդարության վերականգնման ստեղծվում է նոր կուսակցություն։ Երիտասարդ ու առանց քաղաքական անցյալի կադրերով՝ «Հանուն սոցիալական արդարության» անվանումով կուսակցությունն այսօր անցկացրեց իր առաջին համագումարը: Նոր կուսակցության նորընտիր նախագահ Արման Ղուկասյանը վստահեցնում է իրենք աշխատելու են միայն ժողովրդի համար. «Մեր տարբերությունը այն է, որ ամբողջ մեր թիմը երիտասարդներ են, չունենք քաղաքական դեմք, որի PR-ով ենք զբաղվելու, զբաղվելու ենք կուսակցության ծրագրերով, իսկ այնտեղ ամենակարեւորը սոցիալական խնդիրների վեր հանելն է ու դրանց լուծում տալը»: Քաղաքական անցյալ չունենալը այս կուսակցություն մտնել ցանկացողների համար կարեւոր նախապայման է, բայց միեւնույն ժամանակ չեն բացառում, որ կարող են նաեւ հանրությանը հայտնի դեմքերի էլ հանդիպենք: Եթե պետական ռեգիստրը գրանցի ՀԱՍԱԿ-ին որպես կուսակցություն, ապա նրանք կմասնակցեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սակայն, որ թեւում կլինեն, երիտասարդները դեռ չեն որոշել; «Մենք փորձելու ենք նոր շունչ հաղորդել, չենք ասելու դեմ ենք իշխանությանը, կողմ ենք իշխանությանը, ընդդիմադիր ենք, ընդդիմադիր չենք, մենք կատարելու ենք մեր գործը եւ եթե կկիսեն նրանք մեր ծրագրերը, մենք համագործակցության եզրեր կգտնենք»,- նշեց Ղուկասյանը: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանն այսօր չհերքեց, որ ինքը ազգակցական կապեր ունի նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ. «Բարեկամներ ենք, բայց ոչ խորը բարեկամներ, հեռավոր ազգականներ ենք»: Գեւորգ Կոստանյանի եւ կուսակցության մինչեւ որեւէ կապ նա բացառեց: Վստահեցնելով, որ երբեք չի խոսել ու չի քննարկել իր բարեկամի հետ քաղաքական հարցեր: