Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ դեպքում իշխանությունը տարածք չի հանձնի (տեսանյութ)

Քաղաքականություն
lxh5

Արցախին հարակից 7 տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը Հայաստանում երբևէ քննարկման չի դրվի։ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը վստահ է՝ դա ուղղակի կնշանակի օրվա իշխանությունների հեռացում։ «Տարածք հանձնելը պետք է լինի պատերազմի արդյունքում, մենք դրա նախադեպը ունենք՝ հանձնել ենք մոտավորապես 800 հեկտար։ Մեր պայքարն այն պիտի լինի, որ մինչև պատերազմը լինի այնպիսի ճնշում իշխանության վրա, որ իշխանությունը հասկանա՝ պատերազմի արդյունքում տարածք կորցնելը առաջ է բերելու բացարձակ և աննախադեպ պատասխանատվություն»,- ասում է նա։ Իշխանություններն այս շրջանում ամեն կերպ փորձում են շոշափել Հայաստանում ու Արցախում հանրային տրամադրությունները՝ որքանով են քաղաքացիները պատրաստ տարածքներ զիջել Ադրբեջանին։ Շուշիի հռչակագրին միացած գործիչների այսօրվա քննարկման մասնակիցներից Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը պնդում է՝ այդ հարցով անգամ վերջերս սոցհարցում է անցկացվել։ «Հուրախություն բոլորիս 95%-ց ավելին արտահայտվել է դեմ զիջմանը, որը շատ մեծ խնդիր է առաջացրել»։ Նա նաև տեղեկություն ունի, որ Պարեկապահակային գնդի գրավելու նախօրեին հուլիսի 16-ին Սերժ Սարգսյանը Ղարաբաղում էր՝ ակտիվ ու հեղինակություն ունեցող արցախցի գործիչներին համոզելու զիջումների գնալ։ «Փորձում էր փաթաթել մի կարծիք որ ուրիշ ելք չունենք՝ պետք է զիջենք։ Բոլորը դեմ արտահայտվեցին»,- նշում է Վահան Բադասյանը։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այս ամենը համարում է հետևանք արտաքին դիվանագիտական ճակատում ոչ բավարար աշխատանքի։ Նա  նաև տագնապալի է համարում Թուրքիայի՝ Արցախի հարցի քննարկումներում ներգրավելու արդեն հաջողվող  փորձերը։ «Բացարձակ չեմ տեսնում որևէ դիվանագիտական ջանք խնդրի կարգավորման ուղղությամբ։ Միշտ տեսնում եմ՝ Հայաստանի դիվանագիտությունը պոչից գնում է վերջին փշրանքների հետևից, որ իրեն առաջարկում է Ռուսաստանը»։ Այս ամենում հասարակությունն էլ իր մեղավորությունն ունի՝ չհավատալով, որ իշխանությունները կարող են Արցախի հարցում զիջումների գնալ։ Մինչդեռ տարիներ ի վեր աշխատանք չի կատարվել։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նշում է. «Հայաստանի բոլոր իշխանություններին թվացել է, թե՝ դե կասենք կտանք, բայց չի ստացվի, մեր 10 տարին կգլորենք, հետո կորոշենք՝ այն մյուս 10 տարին ով է գլորում և այդպես շարունակ՝ թուլացրել են երկիրը, թուլացրել են բանակը»։ Մոդուս Վիվենդի կենտրոնի հրավիրած քննարկման մասնակիցները վստահ են՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ իշխանությունները չեն համարձակվի հողեր հանձնել Ադրբեջանին, եթե հետևում զգան հասարակության պահանջը։