Հաց հասցնող Արթուրը սկուտեղի երկրպագու չէ (տեսանյութ)
Վերնիսաժում այսօր եւ վաղը վաճառվում են «հաց հասցնող» Արթուր Սարգսյանի բոլոր աշխատանքները: Արթուրը «Սասնա ծռերի» գործով գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Վաճառքում Արթուրի պատրաստած ժամացույցներն են հիմնականում, նաեւ զարդատուփեր: Գնորդներից մեկը ցնցված էր Արթուրով, եկել էր այստեղ եւ նրա համար, միեւնույն էր, թե ինչ կա վաճառքում. «Ինչ կապված է Արթուրի հետ, կգնեմ»: Թեպետ կարծես թե եկել էր հենց զարդատուփերի հետեւից: Մյուսը վճարում է թղթադրամներով, որոնց վրա գրված են «Սասնա ծռեր»: Աշոտ Խաչատրյանն ուղղակի հաճույքով է վաճառում Արթուրի փայտագործական աշխատանքները, թեպետ Արթուրի սեղանիկի կողքին հենց նրա փայտից արված աշխատանքներն են: Աշոտի համար Արթուրի պատրաստած զարդատուփերից մեկը ներկայացնելու թեմա է՝ բերքատու տարբեր ծառերի փայտերից է պատրաստած, գունային տարբեր լուծումներով: Գնորդներից մեկը գնում է միանգամից երեք աշխատանք՝ երեք ժամացույց: Վաճառող Աշոտ Խաչատրյանը նկատում է, որ նրա պատրաստած ժամացույցների մեծ մասը արեւի կառուցվածքն ունեն, «ինքն արեւ շատ ա սիրում»: Ի դեպ, Աշոտը նկատում է, որ հաց հասցնողը երբեք սկուտեղ չի պատրաստել: