Ղարաբաղում տարածքային զիջում բացառվում է. Հայկ Խանումյան (տեսանյութ)
Արցախի իշխանությունները կգնան ողջամիտ փոխզիջումների: Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ասել է երկրի նախագահ Բակո Սահակյանը, ու բացել փակագծերը՝ եթե դրանք չեն խաթարում երկրի անվտանգությունը, հակառակորդի համար չեն հանդիսանում պատեհ առիթ՝ Արցախի վրա նոր հարձակումներ գործելու։ Ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանը մեկնաբանում է. «Հարցազրույցը ուղղված է եղել, նախատեսված է եղել արտաքին լսարանի համար և փորձել է կոնտակտի մեջ մտնել արտաքին աշխարհին՝ երևալով կառուցողական»։ Այդ դեպքում նման հայտարարույթունից հետո ի՞նչ դիրքերից են հանդես գալու Արցախի իշխանությունները, եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ նստեն բանակցությունների սեղանին։ Ըստ Հայկ Խանումյանի՝ Արցախում անվտանգության արժեքը գիտակցում են բոլոր քաղաքական ուժերը։ «Ողջամիտ փոխզիջման տակ չգիտեմ ինչ են հասկանում, բայց այնուամենայնիվ, տարածքային զիջումների մասին բացառվում է խոսք գնալ։ Մի քանի անգամ այդ նույն Բակո Սահակյանը հստակ ասել է, որ տարածքային զիջումներն անընդունելի են և դրանք անընդունելի են Արցախի բոլոր քաղաքական ուժերի համար»։ Արցախին հարակից տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին հայաստանյան կողմը պետք է անգամ մտքի ծայրով չանցկացնի։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թվում է այն վտանգները, որոնք կախվելու են հայկական պետականության գլխին։ «Մի թիզ հող սահման Իրանի հետ հանձնելը մեզ համար մահացու է, խոսքը արցախյան հատվածի մասին է, երկրորդը՝ Եվլախի ուղղությամբ հանձնվելը մահացու է, որովհետև Ադրբեջանը ճնշման հզոր մի կետից զրկվում է, անթույլատրելի է Աղդամի ուղղույթամբ զիջում անել, ինչու՝ որովհետև այս հատվածն է, որ մեզ Ադրբեջան պետության անտրոխտոն ժողովուրդներին մոտիկ է պահում, դրանից հեռացաք՝ դուք այլևս չեք կարող պահել Ադրբեջանի էթնիկ խայտաբղետ կազմի հետ կապի հնարավորությունը»։ Քաղաքագետը խորհուրդ է տալիս չհավատալ խոստումներին, թե տարածքների հանձնմանը հետևելու է Արցախի անկախության ճանաչումը, ու դրանից հետո հայերն ապրելու են անվտանգ պայմաններում։ Նա պատմության դասերն է հիշում։ «Այսօր դու կստանաք իրենից անկախություն, կհռչակեք անկախ Արցախի Հանրապետությունը հաջորդ պահին կունենաք ադրբեջանական ագրեսիա։ 1920 թվականի հունվարին աշխարհի բոլոր նորմալ պետությունները, այդ թվում՝ միացյալ նահանգները առաջին հանրապետությունը ճանաչել էին, բայց դա ընդհանրապես թուրք-բոլշևիկյան հորդաներին չխանգարեց, որ Հայաստանը հոշոտեն»,- ասում է Լևոն Շիրինյանը։ Քաղաքագետը վստահեցնում է՝ հայ-ադրբեջանական հարաբերությւոնների պարագայում երբեք չի գործել ու չի գործի եվրոպական ժողովուրդների պատմության փորձը, երբ դարավոր թշնամիները հաշտվել են ու ապրել խաղաղության մեջ։