Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Երեք քրեական գործերի միացումը քաղաքական պատվեր է. իրավապաշտպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Janna

Հիմնադիր խորհրդարանի անդամների ու աջակիցների դեմ հարուցված երեք քրեական գործերը կքննվեն մեկ փաթեթում։ Էրեբունու ՊՊԾ շենքի գրավման առիթով հարուցված քրեական գործը միացվել է 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու  և Ժիրայր Սեֆիլյանի դեմ առանձին դրվագով այս տարի հարուցված  գործերին։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը անտրամաբանական է համարում Հատուկ Քննչական ծառայության այս որոշումը։ «Սա գրեթե անհնարին է դարձնում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը։ Կապել իրար հետ չկապված երկու գործեր և սրա մեջ փորձել տրամաբանական շարունակություն գտնել, սա ուղղակի բացառում է, որ գործը կարող է օբյեկտիվ քննության ենթարկվել»։ Փաստաբանի համոզմամբ՝ քրեական գործով զբաղվող 8 տասնյակ քննիչները չեն տիրապետում գործի մանրամասներին, քանի որ որևէ քննիչ պատասխատու չէ կոնկրետ անձի նկատմամբ առաջադրված մեղադրանքի համար։ Տիգրան Հայրապետյանը լավատես չէ նաև Դատախազության աշխատանքի  հարցում։ «Հնարավոր չի այսքան մեծ ծավալով երեք տարբեր գործերը դատախազական հսկողույթուն իրականացնել։ Սա նշանակում է, որ ոչ դատախազական հսկողություն է պատշաճ լինելու, ոչ էլ գործի քննությունը բազմակողմանի ու օբյեկտիվ է լինելու։ Ընդհակառակը՝ այս գործերը իրենք պետք է առանձնացնեին, որպեսզի գործը ավելի առաջ գնար»։ Իրար հետ կապ չունեցող գործերի միացումը նպատակ ունի խստացնել առաջադրված մեղադրանքները։ 60 անձի մեղադրանքներ է առաջադրվել՝ շենք շինություններ զավթելու, պատանդ վերցնելու, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապրօինի զենք-զինամթերք պահելու համար։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է. «Արհեստական միացումներ են և պատկերացնում ենք, թե ինչ ձևով են կարելու այդ գործը ինչպես միշտ։ Սա քաղաքական պատվեր է և քննչական մարմինները իրենց ուժերը պետք է ներդնեն, որ այդ պատվերը մինչև վերջ իրականացնեն»։ Ըստ իրավապաշտպանի՝ նման որոշում կայացնելու համար մեծ դեր է խաղացել Ժիրայր Սեֆիլյանի անձի գործոնը, ով երբեք չի դադարել խոսել իշխանությունների համար ոչ հաճելի թեմաներից։ Վերջին դեպքը Արցախում կորցրած տարածքների մասին հայտարարությունն էր։ «Սերժ Սարգսյանն ասում էր բացառենք վրեժխնդրությունը... վրեժխնդրության գործոնը սկսվում է Սերժ Սարգսյանից, նա է թելադրում և ներարկում վրեժխնդրությունը իր մերձավորներին, իրավապահ կամ դատական համակարգին, որպեսզի այդ պատվերը իրականացվի»,- ասում է իրավապաշտպանը։ Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝  այս ամենի արդյունքում կատարելագործվելու և անաչառ դառնալու փոխարեն  հետընթաց է ապրում դատական համակարգը՝  դառնալով  քաղաքական պատվեր կատարող գործիք։