Վահան Հովհաննիսյան. «Ես այլեւս վտանգավոր չէի...». ռետրո (տեսանյութ)
1998-ի գարնանը Վահան Հովհաննիսյանը «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդմանն էր եկել պատասխանելու այն հարցին, թե ի՞նչ է լինելու մեր վերջը . «Պատմության մեջ հայոց ժողովրդի վերջերը այնքան շատ են եղել, որքան դարեր մենք ապրել ենք: Բայց ոչինչ, ամեն անգամ նոր սկիզբ է»: Պարոն Հովհաննիսյանը մի քանի օր առաջ էր ազատվել բանտից, որտեղ հայտնվել էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Ազատողը նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանն էր. «Եթե Ռոբերտ Քոչարյանն ինձ չազատեր, կնշանակեր, որ ոչ մի բանով չի տարբերվում նախկին ռեժիմի ղեկավարից»: Սակայն Ռոբերտ Քոչարյանն ունե՞ր նման իրավունք՝ մեկ հրամանով բանտից ազատել դատավճռով դատապարտված մարդուն։ «Նախագահի պաշտոնակատարը ոչ մի գործ չի կասեցրել, ոչ մի գործ չի կասեցրել: Գործը դատարանի կողմից կասեցվել է իրավիճակի փոփոխության հետ կապված: Ու ոմանք դա մեկնաբանում են այսպես՝ իրավիճակը փոխվեց, Վահան Հովհաննիսյանն այլեւս վտանգավոր չէ հասարակության համար: Ես դա մի քիչ այլ կերպ եմ մեկնաբանում՝ իրավիճակը փոխվեց եւ հասարակությունն այլեւս վտանգավոր չէ Վահան Հովհաննիսյանի եւ մնացած նորմալ մարդկանց համար»,- ասում է նա։ Եվ այդ օրերին Դաշնակցությունը նախագահի արտահերթ ընտրություններում պաշտպանեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, որն էլ դարձավ նախագահ: Վահան Հովհաննիսյանը չի ընդունում, որ այդ պահից Դաշնակցությունն էլ է իշխանություն. «Մենք ժողովրդի մաս ենք, ոչ թե իշխանության, երբեք ոչ ոք չսխալվի եւ չպատկերացնի իշխանության մաս: Մենք այս ընտրություններով իշխանության չենք գնացել եւ չենք եկել իշխանության: Մենք աշխատել ենք, օգնել ենք բերել իշխանության այն մարդուն, այն ուժը, որին հավատում են»: «Ա1+»-ով հեռարձակվող «Հետգրություն» հաղորդաշարի հյուրը հնարավորություն ունի իր ականջներով լսելու, թե ընտրությունների ժամանակ Դաշնակցության համար ինչ արժեցավ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը։ Ուղիղ կապով միացած հեռուստադիտող Վաչե Ալեքսանյանի կարծիքով Դաշնակցության վարկը մեծապես ընկել է ժողովրդի մեջ եւ մեր դրան նպաստեց ընտրությունների ժամանակ համատարած ահաբեկչությունների եւ ճնշումների մթնոլորտը: «Մեր կուսակցության վարկը չի ընկել, հակառակը, կտրուկ աճել է եւ վկա այն, որ Դաշնակցության պաշտպանած թեկնածուն ընտրվեց։ Ոչ մի տեղ ոչ մի դաշնակցական որեւէ տեղ որեւէ խախտումի մեջ մեղադրված չէ, այս առումով մեր կուսակցությունը մաքուր է աշխատել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։ Իշխանության կողքին կանգնելուց հետո Դաշնակցությունը շատ չի ոգեւորվի եւ իր շարքերն, ըստ Վահան Հովհաննիսյանի, չի լցնի պատահական մարդկանցով . «Դրա համար սառեցրել ենք ընդունելությունը:-Ընդհանրապե՞ս: -Չէ: Մենք միշտ կարող ենք հարցնել այդ մարդկանց, իսկ ու՞ր էիք դուք, ու՞ր էիք դուք առաջ: Բայց մենք իհարկե գիտակցում ենք, որ ամբողջ ժողովուրդը չի կարող բաղկացած լինել հերոսներից»: Ի դեպ, այս օրերին էր, երբ ամբողջությամբ օրինական գործունեության անցած կուսակցության ներկայացուցիչը պատասխանում է այն հարցին, թե ի՞նչ է նշանակում «Մահ կամ ազատություն» կարգախոսը. «Դա նշանակում է, որ կան բաներ, որոնք կարելի է ձեռք բերել նույնիսկ մահվան գնով, կան բաներ, որոնք մարդու կյանքից թանկ են եւ դրանով ենք մենք անասուններից տարբերվում»: Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 60 տարեկան: Նա մահացել է 2014-ի դեկտեմբերին: