«Ժառանգության» փոխնախագահը ազատ արձակվեց.ՄԻՊ-ը ողջունել է դատարանի որոշումը (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ րոպեներ առաջ կալանավայրից ազատ արձակվեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խափանման միջոց կալանքը՝ փոխարինվեց գրավով: Գրավի չափը դատարանը 1 միլիոն դրամ էր սահմանել: Այդ առիթով նաեւ ՀՀ ՄԻՊ-ն է հայտարարություն արել, որը ներկայացնում ենք ստորեւ Ողջունում ենք Արմեն Մարտիրոսյանի կալանքի դեմ բողոքը բավարարելու և նրա խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման կայացումը: Կալանքի՝ որպես անձին ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցի կիրառումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ քրեական վարույթի ընթացքում այդ անձի օրինական վարքագիծը հնարավոր չէ երաշխավորել կամ ապահովել ազատությունից զրկելու հետ չկապված այլ միջոցներով: Բացի այդ, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս կարևոր նշանակություն պետք է ունենա անձի՝ հանցանք կատարելու կամ փախուստի դիմելու իրական հնարավորության գնահատումը կամ անձի կողմից իր վրա օրենքով կամ դատական ակտով դրված պարտականության կատարման ապահովման իրական անհրաժեշտությունը: Ընդ որում, կալանքի կիրառության հիմքերի առկայության հարցը գնահատելիս յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ սկսած ենթադրյալ հանցանքին անձի առնչության աստիճանից մինչև նրա անձնական և ընտանեկան կյանքի հանգամանքների քննարկումը: Անազատության մեջ պահելու հարցեր քննարկելիս նշված չափանիշները պետք է դառնան Հայաստանի իրավական կյանքի իրական մաս, իսկ դրանց լիարժեք կիրառությունը՝ արմատավորված անշրջելի պրակտիկա: Կարդացեք նաեւ՝ Մեկ միլիոն դրամ՝ Արմեն Մարտիրոսյանի ազատության դիմաց