«Կանանցով մտնում էինք գունդ, որ ի՞նչ անեինք» (տեսանյութ)
Օգոստոսի 1-ից հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում. «Ի՞նչ օգնություն կարող է լինել մեկուսարանում: Գիտեք, որ նա վնասվածքներ ուներ ոտքերի շրջանում, վիրակապում են, որոշակի օգնություն ցույց են տալիս, ճնշումն են չափում, այսքանով ավարտվում է բժշկական օգնությունը, ավելին ուղղակի մեկուսարանային պայմաններում հնարավոր չէ անել»,-ասում է Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Նրա գնահատմամբ՝ Ղուկասյանին կալանավորելով, փորձել են նրան լռեցնել: «Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ այն բանի համար, որ նա ոչ միայն փորձել է սեփական կարծիքը ունենալ, այլեւ արտահայտել»: Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը եղել է Անդրիաս Ղուկասյանի կողքին, երբ Սարի թաղում սկսվել են զանգվածային անկարգությունները: «Երբ մենք սկսեցինք շարժվել Սարի թաղ, առաջին շարքերում կանայք էին եւ, իհարկե, Անդրիասն էր, Արմենն էր, Դավիթն էր: Այն մեղադրանքը, թե նրանք նպատակ են ունեցել մտնելու գունդ, անհեթեթություն է: Կանանցով մտնում էինք գունդ, որ ի՞նչ անեինք: Մեղադրանքները, ըստ որոնց ձերբակալել են այս անձանց, մասնավորապես՝ Անդրիաս Ղուկասյանին, կեղծ են: Դրանք պարզապես թխած են բոլորի համար նույն բառերով, ուղղակի անուններն են փոխած»,-նշում էնա: Ինչ վերաբերվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ապա Լուսինե Սահակյանի խոսքով, այստեղ եւս անտրամաբանական որոշումներ են կայացվում. «Հասարակության նկատմամբ այնքան արհամարհանք կա, որ նույնիսկ երբ մարդիկ բացահայատ տեսել են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հանձնվել են, նույնիսկ այդ պայմաններում կազմվել է արձանագրություն, թե նրանց բերման են ենթարկել»: Ի դեպ, Լուսինե Սահակյանը «Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանի խափանման միջոցի՝ կալանքի, դեմ բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան, սակայն դատական նիստ դեռեւս նշանակված չէ, իսկ Անդրիաս Ղուկասյանի կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոստոսի 24-ին: