«Անարդար ընտրությունները կարող են ծնել նոր Սասնա ծռեր» (տեսանյութ)
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ անարդար ընտրությունները կարող են ծնել նոր Սասնա ծռեր, որոնք արդեն չեն հանձնվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Սասնա ծռերը մեզ հուշեցին մի կարեւոր բան, որ այսպես ապրել այլեւս չի կարելի: «Իշխանությունները պետք է շատ լուրջ հետեւություններ անեն այս ամենից: Կապ չունի, որ այսօր Ազատության հրապարակում «Սասնա ծռերի» համախոհները քիչ են: Այդ վերքը դեռ բաց է: Մենք փոփոխության կարիք ունենք, դա հասարակությունն է պահանջում»,-ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունները պետք է այնպես անեն, որ «Սասնա ծռերի» վիրավոր անդամները կատարյալ բուժում ստանան: «Այնպես արեք, որ այդ տղաներից որեւէ մեկը հանկարծ հաշմանդամ չմնա: Պետք է մտածել նրանց քաղաքացիական հիվանդանոցներում բուժելու մասին: Կոչ եմ անում իշխանություններին՝ հանեք ձեր միջից այդ ոխակալությունը: Եթե տղաները ոխակալությամբ լցված լինեին, այսօր հազարավոր զոհեր կլինեին»: Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ պարոն Եղիազարյանը նշեց, որ ընտրությունները Հայաստանում բացարձակ ֆիկցիա են. «Պարզ չէ՞՝ ինչ է լինելու, նույն աղբը: Նույնիսկ ընդդիմադիր գործիչների պասիվությունը խոսում է այն մասին, որ ոչ մի հույս չենք կապում ընտրությունների հետ»: Հանդիպմանը ներկա՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համաձայն չէր Գուրգեն Եղիազարյանի հետ: Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում հաղթում է նա, ով ավելի շատ ձայն է հավաքում: «Օրինակ՝ մեզ համար միեւնույն է, թե Մասիսում որ թեկնածուն կհաղթի: Երկուսն էլ ՀՀԿ անդամ են: Եթե անձը ՀՀԿ-ի ծրագրերին հակառակորդ չէ, համայնքում սիրված է, ՀՀԿ-ն պատրաստ է սատարել նրան»,-ասաց նա: Խոսելով Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու մասին՝ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ ՀՀԿ-ն նման քայլի է գնացել՝ հաշվի առնելով, որ Բալասանյանին շատ ձայն կտան: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն համապատասխան վերլուծություններ անելով է եկել նման եզրահանգման: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ եթե մենք փոփոխություններ են ուզում, ապա դա միայն իշխանություններից չպետք է պահանջենք. «Այս 25 տարվա ընթացքում, բացի 90-ականներից, այդ ժամանակ կար գաղափարական մի բան, այսօր չկա որեւէ քաղաքական ուժ, որն այլընտրանքային ծրագիր կներկայացնի ընտրությունների ժամանակ: Քաղաքական դաշտի ամայացումն այդտեղից է սկսվում»: