Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ջհանգիրյանը ձեռնպահ էր

Քաղաքականություն
narine

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Ինչպես ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, այն  շարադրված է նորովի. «Սա այն դեպքն է, երբ հպարտությամբ կարող եմ ասել, որ օրենսգրքի փոփոխությունների քննարկումներին ի սկզբանե ներգրվված են եղել թե Կառավարության, թե ԱԺ աշխատակազմերից, ինչպես նաեւ պատգամավորներ: Ներգրավված են եղել նաեւ միջազգային փորձագետներ: Այն լավ մշակված փաստաթուղթ է»: «Գիտեմ, գիտեմ, Ծաղկաձորներում սեմինարներ էիք անում»,- արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ավելացնելով. «Վերադառնում ենք հնին»: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագիծը դրական  եզրակացությամբ ներառել ԱԺ նիստերի մեծ եւ փոքր օրակարգեր: «Մի շաբաթում ո՞նց ենք անցնում այս նախագիծը: Որքան էլ Արսենին ընդունում եմ, գիտելիքներից տեղյակ եմ, ես չեմ կարծում, որ նախագիծը պետք է ներառվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Գոնե մեծ օրակարգում ներառվի միայն, այլապես ես ձեռնպահ կլինեմ»,- դժգոհեց Գագիկ Ջհանգիրյանը: Այնուամենայնիվ, նախագիծը դրվեց քվեարկության՝ ներառելու ԱԺ նիստերի մեծ եւ փոքր օրակարգեր: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն: Ձեռնպահ քվեարկեցին Գագիկ Ջհանգիրյանն ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ի դեպ, Հովհաննես Սահակյանը նիստի սկզբում շնորհավորեց նաեւ Արցախի հանրապետության օրվա առիթով, ինչպես նաեւ՝ նշեց, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը ԿԸՀ-ն պետք է ներկայացնի իր 7 նոր անդամների թեկնածությունները, որոնք կքննարկվեն ԱԺ նիստում: