«Բոլորն ուզում են գլխավոր դատախազ դառնալ»
Վատ ուսանողներ չկան, կան վատ դասախոսներ. սա Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի կարծիքն է։ Նա անդրադառնում է դիտարկմանը, թե այսօր ուսանողների որակն այնքան լավը չէ, քան նախկինում. «Չկա նման բան, հիմա էլ են շատ լավ ուսանողներ, որոնք լավ գիտելիքներով ավարտում են համալսարանը: Լավ մասնագետ դառնալու համար էլ մենք ավելացրել ենք պրակտիկայի ժամերը, որ չգնան դպրոց, նոր սովորեն ուսուցանել, այլ միանգամից մտնեն դասարան ու դաս վարեն»: Այս տարի մանկավարժական համալսարանում նոր մասնագիտություն է դասավանդվում՝ հասարակագիտություն, ասում է պրոռեկտորն ու ուրախությամբ նշում, որ արդեն 20 ուսանող ունեն: Ամենապահանջված մասնագիտությունները համալսարանում հատուկ մասնագիտական մանկավարժությունն է, հոգեբանությունը ու տարրական մանկավարժությունը, իսկ ամենից քիչ դիմորդներ այս տարի եղել են Ֆիզիկայի եւ Քիմիայի բաժիններում, համապատասխանաբար՝ 9 եւ 10 ուսանող: «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանն էլ անդրադարձավ համակարգում առկա խնդիրներին՝ նշելով, որ դեռ շարունակում է թերի մնալ ավագ դպրոցը, ինչի արդյունքում ուսանողը բուհ է մտնում չկողմնորոշված. «Դպրոցում մասնագիտական կողմնորոշումը դրված չի, գալիս են սիրողական մակարդակով ու չեն հասկանում՝ ինչ են դառնալու: Դա նրանք պետք է հասկանան դեռ ավագ դպրոցում ու պատրաստվեն դրան: Թե չէ բոլորն ուզում են իրավաբան դառանալ, որովհետեւ կարծում են, որ գլխավոր դատախազ են դառնալու»: Պարոն Սեդրակյանը համամիտ է ԿԳ նախարարի այն հայտարարության հետ, թե ավագ դպրոցները պետք է անցնեն կրեդիտային համակարգի, ու աշակերտը հենց այդ կրեդիտներով պետք է ընդունվի բուհ. «Բոլոր բուհերը պետք է իրենց շեմը որոշեն, աշակերտը պետք է դպրոցից բերի իր կրեդիտները եւ ըստ իր գիտելիքների քանակի՝ ընդունվի այս կամ այն ֆակուլտետ»: Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանն էլ կարծում է, որ ավագ դպրոցը պետք է հագեցած լինի առարկաներով՝ բակալավրիատի ծրագրի բեռնաթափման հաշվին. «Կան առարկաներ, որ պետք է ավագ դպրոցում ուսուցանվեն, դրա շնորհիվ էլ բուհական բակալավրիատի ծրագիրը կթեթեւանա»: