«Գուգլը» դատախազի թեկնածուի մասին ճիշտ տեղեկություն չի՞ տալիս (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարց ուղղելով՝ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ պարոն Դավթյանը հայտարարել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան. «Ձեր դիրքորոշումը պարզ է: Իսկ ՀՀ-ում քաղաքական չբանտարկյալներ կա՞ն, պարզաբանեք: Եթե քաղբանտարկյալ են համարվում նրանք, որոնց քրեական պատասխանատվության ենթարկում են քաղաքական դրդապատճառներով, հետեւաբար քաղաքական չբանտարկյալ պետք է համարվի նա, ում քրեական հետապնդման չեն ենթարկում էլի քաղաքական պատճառներով, ասենք, օրինակ՝ Սերժ Սարգսյանի հետ ունի անձնական, մտերիմ հարաբերություններ, նրան տարբեր ծառայություններ է մատուցել: Ձեզ նման դեպքեր հայտնի՞ են, կամ առավոտյան, երբ այնտեղ նստած էիք ԱԺ-ում եւ նայում էիք դահլիճին, չնկատեցի՞ք այդպիսի դեպքեր, հատկապես է~ն հատվածում (ցույց է տալիս ՀՀԿ, ԲՀԿ խմբակցություններին-խմբ.), որոնց կարելի է կարելի է համարել քաղաքական չբանտարկյալներ: «Հարսնաքար»-ի գործով մեղադրող դատախազ եք եղել, այդ գործով նման մարդկանց հանդիպե՞լ եք, թե ոչ»: Ապա նա նշեց, որ հանգամանքների բերումով ՀՔԾ քննիչի սենյակում եղել ու այնտեղ տեսել է պատից կախված Սերժ Սարգսյանի նկարը. «Կարծում եմ՝ դա անտրամաբանական էր, քանի որ ՀՔԾ-ն անկախ մարմին է, ու ենթադրաբար, եթե պետական բարձրաստիճան դեմքերը քրեական հանցանք են կատարում, այդ հանցանքների քննությամբ այդ մարմինը պետք է զբաղվի: Դուք Գլխավոր դատախազ ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանի նկարը կախելո՞ւ եք ձեր գլխավերեւում: Իսկ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի աշխատասենյակում կախվա՞ծ է Սերժ Սարգսյանի նկարը, ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին»: Պարոն Փաշինյանը հետաքրքրվեց նաեւ Արթուր Դավթյանի առողջական խնդիրներով. «Նախորդ դատախազը հրաժարական տվեց առողջության պատճառներով, ինչպիսի՞ն է ձեր առողջական վիճակը: Սա ասում եմ՝ առանց այլ էլեմենտ դնելու: Կարո՞ղ է հետո պարզվի՝ դուք էլ խնդիրներ ունեք ու հրաժարական եք տալու»: Արթուր Դավթյանը հայտարարեց, որ պատգամավորի հարցերի կպատասխանի՝ հնարավորինս անդրադառնալով մասնագիտական հարցերին. «Ես նպատակ ունեմ ավելի հրապարակային աշխատելու: Ինչ վերաբերում է նկարին, ապա, այո, նախկին գլխավոր դատախազի աշխատասենյակում փակցված է Սերժ Սարգսյանի նկարը. ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրությունը ձեր հարցի պատասխանը կտա: Առողջության հետ կապված՝ հասկանում եմ ձեր հարցը. ես առողջ եմ եւ աշխատելու եմ առողջ մնալ, որ իմ պարտականությունները, որոնք ստանձնել եմ, իրականացնեմ»: «Պետք է աշխատենք, որ առողջ մնաք»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ասելով. «Ձեր գործունեության մասին տեղեկություններ ստանում եմ մամուլից: Սակայն ձեր մասին առաջին տեղեկությունները համացանցում կարողացել եմ գտնել, երբ արդեն Գլխավոր դատախազի թեկնածու էիք: Եթե այդպես չէ, ուրեմն, «Գուգլ» որոնման համակարգին պետք է դատի տալ, քանի որ ձեր մասին ճիշտ տեղեկություններ չի տալիս»: «Հաստատ դա առաջին հարցազրույցը չի եղել, քանի որ իմ գործունեությունը փորձել եմ հրապարակային անել»,- վստահեցրեց Արթուր Դավթյանը: