Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմության հաղթանակը իշխանության կողմից զիջման տակտիկական քայլ էր» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jhangiryan

ՏԻՄ ընտրություններն ավելի շատ խնամիական, բարեկամական, ֆինանսական, գործադիր եւ վարչական լծակների ազդեցությամբ ընթացող ընտրություններ են: «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը. «ՏԻՄ ընտրություններում ընտրված համայնքապետերը, քաղաքապետերը նույն հաջողությամբ ծառայելու են բոլոր իշխանություններին՝ թե իրենց կուսակցությունների կողմից ղեկավարվող, թե այլ: Այնպես որ, դա բացառություն չէ եւ դրա վրա շատ մեծ հույսեր դնել հնարավոր չէ՝ դրանք քաղաքական ընտրություն էլ չեն, ինչքան էլ որ մենք ուզում ենք, որ այդ ընտրությունները քաղաքական համարենք»: Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում: Մինչ այդ՝ սեպտեմբերի 18-ին, ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Այս ընտրություններն աչքի ընկան նրանով, որ շատ համայնքներում հաղթեցին ինքնաառաջադրված թեկնածուներ, անգամ՝ ընդդիմադիր կուսակցության թեկնածու: Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ դրանք իշխանության կողմից տակտիկական քայլեր են. «Զիջում է, որպեսզի...չէ, որ ասում է՝ նոր մշակույթ է արմատավորվելու նոր Սահմանադրությամբ եւ նոր ԸՕ-ով: Ահա, առաջին մշակույթի հատիկները տեսանք, բայց գիտեք՝ եթե մենք իրատես մարդիկ ենք, իրատես քաղաքական գործիչներ ենք, ապա պետք է իմանանք, որ տեղական բյուջեների այսօրվա իրավիճակում՝ այդ սուղ, զրոյին մոտ կամ գոյություն չունեցող, այդ բոլոր համայնքապետերը մեկ-երկու ամիս հետո անպայմանորեն հայտնվելու են մարզպետների, մարզպետների տեղակալների, վարչության պետերի ենթակայության ներքո»: Արդյոք նոր ԸՕ-ն, որի իրագործման մեխանիզմները ձեւավորվեցին ընդդիմություն-իշխանություն բանակցությունների արդյունքում, կարո՞ղ է վերջապես նպաստել արդար, ազատ ընտրությունների անցկացմանը. «Շատ համապարփակ, շատ բարձր էպիտետներով, եզրերով չեմ ուզում բնորոշել, բայց կարեւոր քայլ է: Հուսանք, որ այն էապես կփոխի ժողովրդի վերաբերմունքը: Խնդիրն իմ տեսանկյունից այն է, որ շեշտադրումը կատարվում է այդ համաձայնությամբ, հետընտրական գործողությունների վրա եւ ոչ թե ընտրական կամ նախընտրական պրոցեսների վրա»:  Գագիկ Ջհանգիրյանը 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված վերջին համաձայնությունը համարում է շատ ավելի նեղ հարցերի շուրջ կոմպրոմիս, քան առաջին պայմանավորվածությունն էր, որը չիրականացավ: