Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԴՐԱՄ` ՈՉ

Մշակույթ

Թբիլիսիի Պ.Ադամյանի հայկական թատրոնն այս տարի պատրաստվում է տոնել հիմնադրման 150-ամյակը: Ըստ նախնական տվյալների` հոբելյանական թատերաշրջանի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Թատրոնի փոխտնօրեն ՌաֆայելԳրիգորյանի փոխանցմամբ, հոբելյանական երեկոն նախատեսում են կազմակերպել Հայաստանից ժամանած վեց թատրոնների ընկերակցությամբ:Հյուրերի շարքում թատրոնում ակնկալում են տեսնել նաեւ Հայաստանի վարչապետին: «Ետխորհրդային շրջանի մի քանի տարիները թատրոնի համար կորսված պիտի համարել:Այդ բացը լրացնելու համար հիմա հարկավոր է ավելի շատ աշխատել: Բացի այդ մենք հայրենիքից դուրս ենք եւ պատասխանատվության ավելի մեծ զգացում ունենք»,- ասում է Ռաֆայել Գրիգորյանը:

Թբիլիսահայերի հոգեւոր-մշակութային կյանքից թատրոնի փոխտնօրենն ընդհանուր առմամբ գոհ է: Պարոն Գրիգորյանն ուրախությամբ է նկատում, որ վերջին տարիներին ավելացել են հանդիսատեսի շարքերը: Ստեղծագործական ազատության առումով պարոն Գրիգորյանը ոչ մի դժգոհություն չունի Վրաստանի ղեկավարությունից. չկա որեւէ ճնշում, բեմադրում են այն , ինչ ցանկանում են: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական կողմին. «Այսօր մենք էնտուզիազմով ենք աշխատում:Հին դեկորացիաները նորացնելով՝ մի կերպ կարողանում ենք ծայրը ծայրին հասցնել:Արդեն վեր ենք ածվել բարեգործական թատրոնի»: Նա ասում է, որ հաճախ գալիս են ծեր թոշակառուներ եւ խնդրում իրենց ներս թողնել, իրենք թատրոնի մշտական այցելուներից են եղել, հիմա վճարունակ չեն:

«Ֆինանսավորումը Վրաստանի պետբյուջեից է , բայց ծիծաղելի թվերով է արտահայտվում: Օրինակ՝ես 54 լարի եմ ստանում: Եթե չլիներ Հայաստանի օգնությունն, անհնար կլինի այսօր աշխատելը»,-ասում է մտավորականը: Հայաստանի ֆինանսավորմամբ է նաեւ մոտ երեքուկես տարի առաջ վերանորոգվել թատրոնի շենքը: «Մեզ պես թատրոններ շատ կան Թբիլիսիում, այնպես որ չեմ կարծում, թե սա պետության կողմից մեր նկատմամբ իրականացվող հատուկ քաղաքականություն է :Խոստումներ կան , որ աշխատավարձը հաջորդ տարի կբարձրացնեն, բայց կկատարվեն արդյոք խոստումները, չեմ կարող ասել»,- ասում է պարոն Գրիգորյանը:

Հայկական թատրոնում ներկայացման տոմսն արժե ընդամենը երկու լարի, եւ շաբաթական թատրոնը բեմադրում է երկու գործ: Սա անշուշտ բավարար չէ քառասունհինգ հոգանոց դերասանական կազմ ունեցող թատրոնի խնդիրները հօգալու համար, բայց այլ դեպքում, թատրոնի փոխտնօրենի կարծիքով, կունենան դատարկ դալիճ: Այս դժվարությունների կողքին պարոն Գրիգորյանն ուրախությամբ է նշում,որ դերասանների պակաս թատրոնում չկա, մեծ ոգեւորությամբ են աշխատում հատկապես երիտասարդները:

Այս թատերաշրջանի համար էլ թատրոնի ղեկավարությունը թբիլիսահայությանը խոստանում է մի շարք նոր ներկայացումներ, այդ թվում եւ Գ.Սունդուկյանի «Խաթաբալան», որը վերջին անգամ բեմադրվել է 1989թ-ին:Հիշեցնենք, որ ժամանակին, այստեղ փայլել է հայ թատրոնի մի մեծ աստղաբույլ ` Վ.Փափազյան,Պ.Ադամյա, Գ.Չմշկյան, Սիրանույշ, Հ. Աբելյան: