«ԿԸՀ կազմը ցրելու հարց է առաջանում» (տեսանյութ)
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին Հայաստանի 377 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում արձանագրել են 190 ընտրախախտում։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ «Արձանագրվել են ընտրախախտումների հայտնի գրեթե բոլոր տեսակները՝ ցուցակների անճշտություններ, ցուցակներում մահացած անձանց անուններ, կաշառքի վերաբերյալ հաղորդագրություններ, դիտորդների իրավունքների խախտումներ՝ հանձնաժողովի անդամների ու նախագահների կողմից, ուղղորդումներ, քվեարկության նկատմամբ հսկողություն սահմանման փորձերի և տեղամասից քվեաթերթիկ հանելու դեպքեր և այլ ընթացակարգային խախտումներ»,- նշեց Եգորյանը։ Դիտորդների պնդմամբ ընտրախախտումների մեծ մասի պարագայում պատասխանատու մարմինները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, որի արդյունքում դրանք դառնում են շարունակական։ «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչների խոսքով՝ իր պարտականությունները պատշաճ կերպով չի իրականացնում նաև ԿԸՀ-ն։ «ԿԸՀ հակահարձակ հայտարարություններն այն մասին, որ արձանագրված ընտրախախտումները չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա, խոսում է միայն մեկ փաստի մասին, որ այս հանձնաժողովը չունի որևէ անկախություն, և քվեարկության ընթացքում արդեն ունի դիրքորոշում, որ բոլոր խախտումները էական նշանակություն չունեն։ Այսպիսի եզրահանգում անելու համար ԿԸՀ-ն ունի առնվազն 5-6 օր, և պետք է իրականացնի արդյունավետ քննություն ու օպերատիվ միջոցներով փաստերի պարզում, որոնք հետագայում հնարավորություն կտան գնահատել այս կամ այն տեղամասում ընտրախախտումների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա»,- հայտնեց «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Նախաձեռնության ներկայացուցիչները պնդում են, որ ԿԸՀ-ն ունակ չէ ու պատրաստ չէ ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացման իր պարտականությունը, և օր առաջ ԿԸՀ ներկայիս կազմի ցրման մասին հարց է առաջանում։