Վանաձորում ՀՀԿ-ն 1-ին քայլով կհամագործակցի ՀՅԴ-ի հետ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
«Հոկտեմբերի 2-ի ընտրություններով ՀՀԿ-ն ամրապնդեց իր դիրքերը եւ ապացուցեց, որ շարունակում է մնալ քաղաքական համակարգի առաջատարը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով` 292 խոշորացված համայնքներում ՀՀԿ-ն ղեկավար մարմիններում 60 տոկոսից ավելի ձայն է ստացել: Այս ցուցանիշում ներառված չեն, այն թեկնածուները, որոնց իշխող կուսակցությունը սատարել է: «Գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ այս ընտրությունները հետաքրքիր փորձադաշտ էին տարբեր քաղաքական կոնֆիգուրացիաների համար եւ հետաքրքիր հնարավորություն էին փորձարկելու քաղաքական տեխնոլոգիաները»,-ասաց ՀՀԿ փոխնախագահն՝ ընդգծելով, որ իրենք այս ընտրություններից հետո որոշակի հետեւություն են արել, մյուս քաղաքական թիմերի քարոզարշավի եւ ցուցաբերած արդյունքների հետ կապված, քանի որ գալիք խորհրդարանական ընտրություններում մրցելու են նույն կուսակցությունների հետ: «Շատ վաղ էր հաշվից հանել ավանդական ընդդիմադիր կուսակցություններին: ԲՀԿ-ն վերահաստատեց իր մրցունակ լինելը Գյումրիում եւ կարողացավ ապահովել ներկայացվածությունը Վանաձորում: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը անսպասելի հաջողություն գրանցեց՝ 2 քաղաքներում գրավելով 3-րդ տեղը; Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում նոր դերակատարում ստանձնած ԳԱԼԱ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, ապա նրանց գրանցած հաջողությունները լոկալ են: Եթե Գյումրիում «Լուսավոր Հայաստանը» հաղթեր, իսկ ԳԱԼԱ-ն Վանաձորում առաջադրվեր եւ ունենար ֆրակցիա, ապա հնարավոր կլիներ խոսել այն մասին, որ այդ կուսակցությունների քաղաքական հեռանկարը շատ ավելին է, քան տարածաշրջանը»,-ասաց նա: «Գյումրիում 6 տոկոսի շեմը չհաղթահարած թեկնածուների ձայների վերաբաշխման արդյունքում «Բալասանյան դաշինքը» ստացել է 17 մանդատ, ԲՀԿ-ն՝ 8, ԳԱԼԱ-ն՝ 4, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը 4 մանդատ. «Գյումրիում կոնֆիգուրացիայի կարիք չկա»,-ասաց նա: Վանաձորում, որտեղ ՀՀԿ-ն չի կարողանալու միանձնյա քաղաքապետ ընտրել, ըստ ՀՀԿ փոխնախագահի, իշխող կուսակցությունը առաջին քայլով կհամագործակցի ՀՅԴ-ի հետ։ «Արդյունքում, կունենանք 15 մանդատ: Ունենք եւս 2 մանդատի կարիք»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ նույն պրոցեսն ընթանալու է նաեւ ընդդիմադիր դաշտում։Վանաձորում ըստ նախնական տվյալների, 13 մանդատ է ստացել ՀՀԿ-ն, 10 մանդատ՝ «Լուսավոր Հայաստանը», 5 մանդատ՝ «Հայկական վերածնունդը», 3 մանդատ ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 2 մանդատ՝ ՀՅԴ-ն։