«Հարյուր տարի առաջ զոհվածների տվյալները պետք է վերականգնվեն»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել էր «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության դեմ ցեղասպանության զոհերի ժառանգների անունից դատական հայտ ներկայացրած և այն շահած փաստաբան Վարդգես Եղիայանին: Հանդիպման ընթացքում հայտնի իրավաբանը խոսեց դատական գործերի պատմությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց հետագայում նմանատիպ դատական գործերում հաջողության հասնելու մեխանիզմները,- «դատական գործերի ընթացքում չենք օգտագործել ցեղասպանություն եզրույթը, քանզի այդպես շահելու շանսերը քիչ կլինեին, չէ՞ որ ջարդերի ժամանակ նման տերմին չկար, այն առաջ քաշվեց միայն երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո»,- նշում է փաստաբանը և ավելացնում, որ մեզ պետք է բանիմաց ու պահանջատեր իրավաբանների նոր սերունդ, որը կհմտանա հատկապես ապահովագրության ոլորտում: «1, 5 միլիոնը պարզապես թիվ է, կարևոր են անունները, պետք է անենք ամեն ինչ, որ հարյուր տարի առաջ զոհվածների տվյալները վերականգնվեն, դա հնարավոր է, պարզապես պետք է աշխատել այդ ուղղությամբ, այսպիսի գործերում հաղթելը շատ ավելի հեշտ է քան զոհվածների անունները ու անձնական տվյալները գտնելը, շահած գործերի արդյունքում հավաքվել էր 55 մլն դոլար, դրանք բաժանելն էր դժվար», - ասում է Վարդգես Եղիայանը: Ներկա էին նաև փոխհատուցում ստացած 50.000 ընտանիքներից մի քանիսը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Սեյրանուհի Գեղամյանի «Նվիրում» փաստավավերագրական վիպակը, որը Վարդգես Եղիայանի գործունեության մասին է: