Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոնց որ Պելեից հետո մտնես դաշտ» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-4

ԱԺ-ում այսօր ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի թեկնածության քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ քննարկման թեման որոշակիորեն շեղվեց ԿԸՀ կազմի թեմայից. «Պատճառը հասկանալի է: Չէի գերագնահատի ԿԸՀ դերը ընտրությունների հարցում. թե ով է նստած այդ պաշտոնում, մեզ համար մեծ առումով բան չի փոխում, քանի որ խաղի կանոնը չի փոխվել՝ գործում է արատավոր ընտրական համակարգ ու ոսկերչական աշխատանքի է հասցվել այն եւ, ըստ էության, բան չի փոխվելու»: ՏԻՄ ընտրություններին, ըստ նրա, որեւէ շեղում դեպի բնականոն ընթացք, չեղավ, թեեւ միգուցե ընտրատեղամասերում իրավիճակը հանդարտ է եղել, ուղղակի ընտրակեղծարարությունը կատարելագործվում է: Հիշում եմ իմ լրագրողական տարիներին քվեատուփեր էին գողանում, դիտորդներ ծեծում: Միջազգային մի դիտորդի հետ էի զրուցում, որին ժամանակին ընտրությունների ժամանակ ծեծել էին, հիմա նա վախենում է գլոբուսի վրա ՀՀ տեղը նայել: Երբ կկուն պրոբլեմ ունի, կարծում է, թե բունն է փլված: Քաղաքական ուժը մեղադրում է ժողովրդին իր պարտության համար, հանգիստ թողեք նրան, խնդիրը ձեր մեջ փնտրեք՝ գոռալով, հայհոյելով, անիծելով, մյուս ուժերին վարկաբեկելով քաղաքական արեւի տակ չեք կարող ապահովել ձեր տեղը: Դրան հասնելու համար կուսակցաշինության կոնկրետ աշխատանքով պետք է զբաղվել: Պետք չէ վիրավորել մեր քաղաքացիներին, եւ առնվազն զավեշտալի են որոշ հայտարարություններ ԲՀԿ-ի հասցեին՝ մեղադրելով մեզ լավ արդյունքների համար ընտրակաշառք բաժանելու մեջ: Անհարմար է: Հասկանում եմ՝ ծանր է պարտություն տանելը: Ուղղակի ուզում եմ հիշեցնել՝ ֆեյսբուքում մի քանի աղանդավոր ֆեյքերի միջոցով լայքեր հավաքելը ձեր էլեկտորատը չէ: Մի շփոթեք այն ռեալ իրականության հետ»: Տիկին Զոհրաբյանը նաեւ նշեց՝ եթե գումարեն բոլոր համայնքներում ընդդիմության ձայները, ապա կտեսնենք, որ հաղթել է ընդդիմությունը. «Այլ խնդիր  է, որ մենք մեկ միասնական օրակարգ չենք կարողանում ձեւավորել. ժողովուրդը իր արժանապատիվ քվեն տվել է,  ու նա մեղավոր չէ, որ ընդդիմադիր ուժերը պառակտված են: Պետք է ունենալ ազնվություն ու այդ մասին խոսել, չպետք է այնքան իջնել, որ մեղադրել նրան պարտության համար»: Նա ընդգծեց, որ ԿԸՀ յուրաքանչյուր թեկնածուին ԲՀԿ խմբակցությունը քվեարկելու է առանձին ու կունենան ազատ քվեարկություն: Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո պետք է ելույթ ունենար ՀՀԿ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Ոնց որ Պելեից հետո մտնես դաշտ»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: