Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-10-27 132635
A A
Պաշտոնական

Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պեղումներ է իրականացնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրի տարածքում, որտեղ եզակի և բացառիկ գտածոներ են հայտնաբերվել:
 
Գտածոները տարբեր դարաշրջանների են՝ ներառելով ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջանների առարկաներ:
 
📌Մեծամորի հնավայրում 2026 թվականին շարունակվել են երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Հետազոտվող հնագիտական կառույցն իրենից ներկայացնում է քարաշար դամբարանախուց՝ շրջապատված կրոմլեխով։ Կրոմլեխի տրամագիծը հասնում է շուրջ 20 մետրի։ Կառույցը շարված է տուֆի և բազալտի քարերով։ Դրա կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված բավականին մեծ չափերի քարարկղային դամբարան։ Դամբարանախցի ներքին չափերն են մոտ 6 × 4 մ։
 
🔸Նախորդ տարիների պեղումների ընթացքում դամբարանի վերին շերտում բացահայտվել է անտիկ ժամանակաշրջանին վերաբերող թաղում՝ ուղեկցող հարուստ գույքով։ Հայտնաբերված նյութերի թվում են ոսկյա զարդեր, մետաղադրամ և անտիկ ժամանակաշրջանին բնորոշ այլ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ. I դարով։
 
🔸2026 թվականի պեղումների ընթացքում բացված շերտերն առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նյութերի առկայությամբ։ Հատկանշական է երկաթի դարով թվագրվող թաղման շերտը, որտեղ բացահայտվել է մեկ անհատի թաղում՝ ուղեկցող գույքով և խեցեղենի զգալի քանակով։
 
🔸Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում բացահայտվել է հիմնական թաղումը, որը, ըստ հայտնաբերված նյութերի նախնական թվագրության, վերաբերում է ուշ բրոնզի դարին և թվագրվում է մ.թ.ա. XIV–XIII դարերով։ Այս շերտում հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն և գոտու բեկորներ, ինչպես նաև բրոնզե տարբեր իրերի բեկորներ ու բոժոժաձև կախիկներ։
🔸Հայտնաբերված նյութերի բազմազանությունը և շերտագրական հաջորդականությունը վկայում են դամբարանային կառույցի երկարատև օգտագործման և տարբեր ժամանակաշրջաններում վերաօգտագործման մասին։