«Չեմ հիշում մի լրագրողի, որ բացարձակ ստի համար պատասխան տա». Ս. Շահսուվարյան
ԱԺ-ում այսօր շարունակվում է ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի եւ հանձնաժողովի անդամների թեկնածության քննարկումը: ԿԸՀ անդամի պաշտոնում առաջադրվել է նաեւ ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանը: Նա իր ելույթում հայտարարեց, որ արդեն անիմաստ է համարում խոսել այն թեմաների մասին, որոնք վերաբերում էին իրազեկմանը, հեռուստահոլովակների պատրաստմանը, քանի որ պատգամավորները արդեն խոսեցին այդ մասին. «Ես միայն ուզում եմ ասել, որ ինձ չի հրապուրում այս աշխատանքը, այլ պարտավորեցնում է: Ես նոր անդամ եմ: Երբ Կարեն Անդրեասյանը հրավիրեց ինձ ու խոսեցինք, ես ասացի, որ ես որեւէ կապ չունեմ այս հանձնաժողովի հետ՝ որպես մասնագետ, քանի որ 40 տարի աշխատել եմ ԶԼՄ ոլորտում, եւ ձգտել եմ որակյալ մասնագետներ ստեղծել այս ոլորտում, ինչպես ՊՆ-ում էր: Եթե ձեր ընտրությունից հետո կարողանամ գոնե մինչեւ եկող տարվա ապրիլ գոնե մի 100 նման պրոֆեսիոնալ կադր պատրաստել, շատ լավ կլինի: Մեր ԶԼՄ-ները շատ հաճախ պատրաստ չեն ու բացարձակ անտեղյակ են, թե ինչի համար են եկել տվյալ ասուլիսին, նրանց համար ուզում եմ կազմակերպել դասընթացներ, եւ ԿԸՀ միջոցներով դա հնարավոր կլինի: Մեր ԶԼՄ-երը այնպիսի մի բում են սարքում ընտրություններից հետո, որ ուղղակի անհնար է պատկերացնել: Գոնե հասցնեն մի 10 լրագրողի պատրաստենք, որ ճիշտ ներկայացնեն ընտրությունները, ամեն ինչ իր տեղը կընկնի»: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ կա լրագրողական մի բանակ, որ մասնագիտական մեծ փորձ ունի, պետք չէ թերագնահատել նրանց աշխատանքը, սակայն մասնագիտական նրբություններն ու բարդությունները, իհարկե, լավ կլինի ուսումնասիրել: Սեյրան Շահսուվարյանին հարց ուղղելով՝ ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հետաքրքրվեց. «Մենք՝ մի քանի պատգամավորով, տարակուսած ենք՝ ո՞ւմ նկատի ունեք Կարեն Անդրեասյան ասելով»: «Նախկին օմբուդսմենին»,- եղավ Սեյրան Շահսուվարյանի պատասխանը: Իսկ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցին, որ ԶԼՄ-ներին պետք է պատասխանատվության ենթարկել որոշ հրապարակումների համար, Սեյրան Շահսուվարյանը պատասխանեց. «Այո, այսօր խոսքի ազատության տակ որոշ ԶԼՄ-ներ ինչ ուզում են, գրում են ու չեմ հիշում մի լրագրողի, որ բացարձակ ստի համար պատասխան տա: Ես շատերին ասում եմ՝ գումար վերցնելով հանդերձ հրապարակում են մի բան, որ չեն էլ հասկանում, ինչ են անում: Խնդրել, աղաչել եմ, որ մի բան գրում են մյուս կողմին էլ լսեն: Քանի դեռ պատասխանատվության զգացում չունեն, ինչ կուզեն, կգրեն»: «Պարոն Շահսուվարյան, այնուամենայնիվ, չմոռանանք, որ ազատ խոսքը ՀՀ ժողովրդավարական նվաճումներից մեկն է: Իհարկե, կան նեգատիվ երեւույթներ, անպատասխանատու ԶԼՄ-ներ, սակայն պետք է ուղղակի գտնել կարգավորումներ, սակայն ոչ երբեք սահմանափակել»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: