Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցեղասպանություն այլակրոն բնիկ ժողովուրդների դեմ»

Քաղաքականություն
siria

Արարատ Կոստանյան ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Սիրիական բանակը վերջապես սկսեց արձանագրել որոշ առաջխաղացում՝ ստանալով Ռուսաստանի օժանդակությունը: Այժմ Ռուսաստանը ռմբակոծում է ալ-Նուսրա իսլամական խմբավորմանը՝ թիրախ վերցնելով Հալեպում նրանց կենտրոնները։ Ի պատասխան այդ համատեղ գործողությունների՝ ընդդիմադիրները ռմբակոծում են հայկական և քրիստոնեական շրջանները՝ նետելով նոր ստացած գրադ հրթիռներ: Հարկ է նշել,  որ այդ հրթիռները ուղղվում են մարդաբնակ վայրեր, այլ ոչ թե ինչ- որ բանակի կենտրոններ: Չափազանցություն չի լինի, եթե այս երևույթը որակենք որպես ցեղասպանություն՝ ուղղված այլակրոն բնիկ ժողովուրդների դեմ: Նաև անհրաժեշտ է նշել,  որ վերջին ամիսներին սիրիական բանակը կարողացավ պաշարել հին քաղաքը, որտեղից մտնում էր զենք-զինամթերք, դրսից ժամանած զինյալներ և այլն։ Սակայն բանակը չկարողացավ երկար պահել այդ դրությունը. զինյալ ընդդիմադիր խմբավորումները  կարողացան համախմբվել տարբեր շրջաններից՝  կենտրոնանալով Հալեպում և բացեցին մի նեղ ճեղք՝ նրանց ելք ու մուտքը ապահովելու համար։ Եթե փորձենք մեղավորներ փնտրել,  կարծում եմ՝  բոլոր կողմներն էլ ունեն իրենց մեղքի բաժինը: Իշխանական համակարգը, որը ղեկավարում է 70-ականներից մինչև օրս աշխատեց ամեն կերպ կասեցնել կամ դանդաղեցնել սուննի մեծամասնության  զարգացման և բարեկեցիկ կյանքի տեսլականը՝ նրանց պահելով վախի մթնոլորտում։ Թեև  դա փոխվեց տարիների ընթացքում, սակայն ատելությունը արդեն խոր արմատներ ուներ։ Հակառակ դրան՝ փոքրամասնությունները վայելում էին լայն հնարավորություններ բիզնեսի բնագավառում (ալիևիներ, հայեր, արաբ քրիստոնյաներ, քրդեր և այլն): Սակայն մեղքի մեծ բաժինը ընկնում է ընդդիմության վրա: Նրանք անկարող գտնվեցին համախմբելու բոլոր ընդդիմադիր ուժերին և չկարողացան պայքար տանել խաղաղ ճանապարհով: Նրանք կանաչ լույս տվեցին այն ուժերին, որոնք խնդրի լուծումը տեսնում էին զինված պայքարի մեջ, այսինքն՝  քաղաքացիական պատերազմի միջոցով տապալելու վարչակարգը՝  չհաշվարկելով,  թե դրա գինը կլինի երկրի կործանումը: Նրանք նույնիսկ համաձայնեցին ընդունել դրսից ջիհադականներրին։ Այսպիսով,  ժողովուրդը նրանց որակեց երկրի դավաճաններ, և ընդդիմությունը որակազերծվեց։ Սա նորագույն պատմության մեջ ամենակործանարար պատերազմն է, որի վերջնական լուծումը չի երևում արդեն վեց տարի է: Միացյալ նահանգները  նույնպես ունի իր մեղքի բաժինը,  թեև չարեցին նույն սխալը, ինչ Իրաքում, սակայն նրանք հավաքագրեցին և մարզեցին զինյալներին Հորդանանում և Թուրքիայում, ինչպես տարիներ առաջ նրանք զինեցին մուջահիդներին Աֆղանստանում Սովետների դեմ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպումներից մեկում հայտնել էր Հայաստանի աջակցությունը Սիրիայի հարցում: Սա չափազանց կարևոր հայտարարություն էր, որտեղ հստակ նշվեց Հայաստանի կեցվածքը միջազգային հարաբերություններում: Այսօր թե Սիրիան, թե Հայաստանը գտնվում են  «Ուժերի պլանավորման» բլոկում՝  գլխավորությամբ Ռուսաստանի եւ Չինաստանի։ Սակայն գաղտնիք չէ, որ Հայաստանը անկարող է գոհացնել Հայաստան ժամանած բոլոր սիրիահայերին այն ժամանակաշրջանում, երբ հայաստանցին լքում է երկիրը ՝ աշխատանք չունենալու պատճառով: Ուստի հարց է մնում՝  Հայաստանն ինչպես կարող է ներգաղթ կազմակերպել և ապահովել մարդկանց ապրուստով և աշխատանքով։