ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել կառավարության անդամներին (տեսանյութ)
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր գնումներին: Նա ֆինանսների նախարարին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտերի նախագիծ, ինչը պետք է հիմնված լինի որոշակի կանոնների վրա: Առաջին՝ պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների գնումներն ամբողջությամբ պետք է իրականացվեն կենտրոնացված եղանակով՝ մասնագիտացված կառույցի կողմից, պատվիրատուների համախմբված պահանջարկի հիման վրա: Այդ գնումների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ: Երկրորդ՝ պայմանագրի կատարման արդյունքների ընդունման գործընթացը հարկավոր է դարձնել էլեկտրոնային, որտեղ պայմանագրի գծով ընդունման-հանձնման կետերը, վճարման հանձնարարականները կուղարկվեն, կստացվեն և կհաստատվեն միայն էլեկտրոնային եղանակով: Երրորդ, պետության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով որոշակի ուսումնասիրություններ են կատարվել: Ելնելով դրանից՝ վարչապետը հանձնարարեց ընդունել ի գիտություն, որ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության համար համարվում է գերակայություն, և նոր օրենքների նախագծերում պետք է հաշվի առնել այս հանգամանքը: Արդարադատության նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարեց ամփոփել պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ առաջարկություն ներկայացնել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվեց վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով երկօրյա ժամկետում ձևակերպել առանձին հանձնարարկաններ՝ նշելով կատարման պատասխանատուներին ու ժամկետները: «Մենք պետք է մաքսիմալ բաց ու թափանցիկ ստեղծենք համապատասխան վայրեր, հրապարակներ, որտեղ քաղաքացին պետական մարմններից անմիջապես՝ կարճ ժամկետում ստանում է այն, ինչ ակնկալում է պետական մարմիններից»,- ասաց վարչապետը: