«Ջահելներից ուզելն էլի հասկանալի է, բայց 70 տարեկան մարդուց եղբոր ծննդականն ուզել․․․»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանից Բերդավան ժամանած մեկ տասնյակից ավելի լրագրողների շրջանում անսովոր աշխուժություն է սկսվում, երբ գյուղի կենտրոնում հայտնվում է մոտոցիկլ-բեռնատարը։ Ղեկին Սասուն Հայրապետյանն է՝ արմատներով Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից։ Մեքենան նրան նվիրել է Հայ ավետարանչական եկեղեցին։
«Եկել են, գործիք են առաջարկել, ասել եմ՝ գործիքներ ունեմ, մանածող (ավտոմեքենա) չունեմ։ Սրանով ամեն ինչ անում եմ»,- ասում է 36-ամյա Սասուն Հայրապետյանը, որը 5 երեխաների հայր է։
Երեխաներից չորսն Արցախում են ծնվել, ամենափոքրը՝ Տավուշում։ Նրա ընտանիքը Նոյեմբերյանից ոչ շատ հեռու գտնվող Բերդավան է տեղափոխվել 2023թ-ին Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվելուց ու բնակչության բռնի տեղահանումից հետո։ Այստեղ են հաստատվել նաեւ մայրն ու քրոջ ընտանիքը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել ու ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով տուն գնել։ «Մենք մինչև էդ էլ ենք մեզ ՀՀ քաղաքացի համարել։ Համ փաստաթղթով, համ հոգով սրտով մենք բոլորս եղել ենք մի ընդհանուր Հայաստանի քաղաքացի»,- ընդգծում է նա։
Հարմարվե՞լ եք՝ հարց է հնչում։ «Համակերպվել ենք։ Մարդը ամեն տեղ էլ համակերպվում է։ Ամեն տեղ էլ ձգտում է ապրել։ Այ, հարմարվելն է խնդիր», -լինում է պատասխանը։
- Ձեր հինգ երեխաներն այս մեքենայում տեղավորվո՞ւմ են։
- Չէ՛, «Ջիպ» լիներ՝ կտեղավորվեին։
- «Ջիպ» նվիրող չկա՞ր։
- Չէ՛, չեմ ուզում նվիրեն, ուզում եմ՝ ես ինքս առնեմ։
Պայմանագրային զինծառայող է մասնագիտությամբ պատմաբան Սասուն Հայրապետյանը։ Արցախում էլ է ծառայել։ Նրա բառերով՝ պարտադիր չէ պատմաբան լինես, որ հասկանաս, թե ինչ տեղի ունեցավ 2023թ-ին ու ինչու Արցախը մնաց առանց արցախցիների։
«Նախ մենք չունեինք էն դիրքերը, ինչ որ մինչև 2020 թիվը ունեինք։ Երկրորդ՝ ժողովրդի ու ընդհանուր՝ բոլորի բարոյահոգեբանական վիճակն էր խառը, էնքան շոկային էր, որ որեւէ մեկը չէր էլ գիտակցում՝ ինչ է անում։ Չկար այն երկու րոպեն, որ մտածեինք՝ ինչ անել»,- ասում է Հայրապետյանը։
Դժվարությունների մասին չի խոսում, ասում է՝ ամեն ինչ, ինչ ձեռքից գալիս է, անում է։ Բայց չի կարող չանդրադառնալ փաստաթղթային քաշկշուկներին, որին բախվում են տեղահանված արցախցիները՝ օրինակ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացներում։
«Հիմնականը վերաբերում է ԶԱԳՍ-ի թղթերին, որ ոմանք չեն ունեցել Արցախում։ Օրինակ՝ շատերը Ռուսաստանում են զագսավորվել։ Սումգայիթից կամ Բաքվից են փախել, կորցրել են․ այդ փաստաթղթերի կարիքը չի եղել, չեն վերականգնել, իսկ այսօր էլ պահանջում են։ 70 տարեկան մարդուց ուզում են քրոջ, եղբոր, եսիմ՝ հոր, մոր ծննդյան վկայական կամ պասպորտ, որը չունեն։ Ջահելներից ուզելը էլի հասկանալի է, բայց տարիքով մարդուց եղբոր ծննդականն ուզել, այդ․․․»,- շարունակում է նա։
Բռնի տեղահանումից հետո արցախցիների մի մասը արտագաղթել է Հայաստանից։ Պաշտոնական տվյալներով՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից մինչեւ 2026թ ապրիլ ՀՀ-ից մեկնած արցախցիներից 14․944-ը չի վերադարձել։
«Ցավոք սրտի՝ գալիս է մի պահ, որ մարդն իր ընտանիքի ապրուստը հայթայթելու համար արտագնա աշխատանքի է մեկնում։ Հավատացեք՝ ոչ մեկն էլ չի ուզենա»,- ասում է Սասուն Հայրապետյանը։
Արցախցիները հիմնականում արտագաղթում են Ռուսաստան։ Եվրոպական երկրներում նրանք դժվարությամբ են ստանում ապաստան։
«Արցախցիներ կան և՛ Ֆրանսիայից, և՛ Գերմանիայից վերադարձված. մի քանի տասնյակ անձի մասին առնվազն ես եմ տեղյակ, որ մեկնել են ԵՄ երկրներ, ապաստան հայցել՝ հույս ունենալով, որ իրենց փախստականի կարգավիճակը այնտեղ ևս կճանաչվի: Բայց հաշվի առնելով Ուկրաինայի խնդիրը, որ ԵՄ երկրները գերծանրաբեռնված են փախստականներով, իրենք արցախցիներին ետ են ուղարկում»,- ասում է Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ «Ա1+»-ի հարցին ի պատասխան։
Եվրոպական երկրները արցախցիների ռեադմիսիան (հետընդունումը) հիմնավորում են նաեւ «առաջին ապահով երկրի» սկզբունքով։ Ըստ այդմ՝ քանի որ արցախցիները նախ մուտք են գործել Հայաստան, որը մարդու իրավունքների տեսանկյունից համարվում է «ապահով երկիր» և նրանց արդեն տրամադրել է պաշտպանություն, ԵՄ երկրները հիմքեր չեն տեսնում նրանց փախստականի կարգավիճակ շնորհելու համար։
ՆԳՆ տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ 2026թ մարտի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 34 576 արցախցի։
Կարինե Ասատրյան