Նոր մարզպետին ուղղաթիռով տարան Սյունիք (տեսանյութ)
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Ինչպես նշվում է Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար և նշել, որ գործունեության ընթացքում լիարժեքորեն կկատարի իր վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը և բարեկեցությանը, կենսամակարդակի ավելի բարձրացմանը: Իր խոսքում մարզպետը մասնավորապես նշեց. «Մեզ համար ամենակարևոր արժեքը մարդն է, և մենք պետք է միասնական լինենք: Անցյալն ու ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք համախմբվել՝ միասնականությամբ դիմակայելու մեր առջև դրված մարտահրավերներին: Հույս ունեմ, որ 2017 թվականին կկարողանաք շոշափելի արդյունքներ ունենալ և ներկայացնել կառավարությանն ու երկրի Նախագահին»: