Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ իշխանությունները միտված են կոնսենսուս կառուցել կարևորագույն հարցերի շուրջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine

Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում մեկնարկած աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ընթացիկ հաշվետվության ձևաչափում հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար սահմանադրական բարեփոխումները դիտարկելով որպես հույժ կարևոր իրադարձություն ՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրանց արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին կառավարման մոդելում, ուժերի հավասարակշռության, ինքնակառավարման, դատաիրավական և օրենքի գերակայության ոլորտներում: Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է,  որ Սահմանադրական փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ. ,,Մեզ համար կարևոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ և համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին: Հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից,,,- նշել է տիկին Նաղդալյանը՝ վստահեցնելով , որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ , ճկուն և քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող: Անդրադառնալով Ընտրական օրենսգիրքի քննարկումներին՝  ԱԺ փոխնախագահը  եվրոպացի գործընկերներին ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն ընթացել է համատեղ ձևաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսպես կոչված՝ «4 + 4 + 4» ձևաչափով. ,,Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջև  համագործակցության ոգով: Հայաստանի իշխանությունները միտված են  կոնսենսուս կառուցել երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերի շուրջ ՝ մեկ գերագույն նպատակով՝ ապահովել և բարձրացնել ժողովրդի վստահությունը,,,-իր խոսքում ընդգծել է տիկին Նաղդալյանը: Այս համատեքստում Ընտրական օրենսգրքի քննարկումները ԱԺ փոխնախագահը համարել է բացառիկ համագործակցություն՝ ուղղված գալիք ընտրությունների համար կայուն և հուսալի հիմք ստեղծելուն. ,, Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի գերակայությունն  է: Եվ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները,,,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը՝ հույս հայտնելով, որ ժողովրդավարության ուղին ընտրած հայ ժողովուրդը այս բարեփոխումների շնորհիվ ունենալու է հասարակություն, որտեղ ապագա սերունդները կապրեն խաղաղության և կայունության մեջ: Համեմատություն կատարելով Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեի հետ` Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այն Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունն է առաջացրել, քանզի հանձնաժողովն ամբողջովին  դուրս է մնացել փոփոխությունների մշակման գործընթացից, և ընդգծել, որ ավտորիտար վարչակարգերին բնորոշ` այս հանրաքվեն կոչված էր պաշտպանելու  Ալիևների տոհմի հավերժ իշխանությունը: ,,Տարածաշրջանի երկրների Ժողովրդավարական բարեփոխումները խաղաղության եւ անվտանգության ամենահուսալի ճանապարհն են: Եթե այս սկզբունքները ընդունվեին մեր որոշ հարևանների կողմից, մենք կունենայինք այլ իրականություն,,,- ելույթը եզրափակել է ԱԺ փոխնախագահը: