Ովքե՞ր դավաճանեցին համագործակցության հուշագիրը (տեսանյութ)
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանը ոչ մի խնդիր չունեցավ՝ 17 ձայն: Մարդն անձամբ էր փողային նվագախումբ բերել նշանավորելու համար իր ընտրությունը: Փոխարենը քաղաքապետի ընտրությունը բոյկոտել էին ավագանու ընդդիմադիր թեկնածուները՝ 16 հոգի: Փողային նվագախումբն ավագանու դահլիճում ավելի հաճախ փոխարինում էր ծափահարություններին: Վանաձորում կրքերն ուղղակի եռում էին՝ մոտ երեք ժամ ավագանին չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչպես ընտրել քաղաքապետին՝ բա՞ց, թե փակ քվեարկությամբ: Կրքերն այստեղ միմյանց հերթ չէին տալիս յուրաքանչյուրի ամեն բառից հետո: Ընտրություններից առաջ ոչ ոք գրեթե չէր կասկածում, որ Վանաձորում ընդդիմադիր կոչվող ուժերին կհաջողվի վերջապես ընտրել իրենց քաղաքապետին: Էդմոն Մարուքյանը եղբոր նման լավատես չէ: Նա արդեն կանխատեսում է, որ ավագանիում 15 քվե ունեցող հանրապետականը մի բան գիտի, որ ընդդիմադիր ուժերի 18 քվեի դեմ քաղաքապետի թեկնածու է առաջադրում: Հանրապետականը երկու ձայնի փոխարեն ստանում է ավելին՝ երեքը: Հանրապետական Մամիկոն Ասլանյանը Վանաձորի նոր քաղաքապետն է: Ընդդիմադիր կոչվող երեք ուժերից ովքե՞ր են դավաճանել մի քանի օր առաջ ստորագրված համագործակցության հուշագիրը: Հեղինե Բիշարյանը մի վայրկյան չի կասկածում, որ Հայկական վերածնունդը քվեարկել է Քրիստ Մարուքյանի օգտին: Խորհրդանշական է սակայն նորընտիր հանրապետական քաղաքապետի համբույրը 2008-ի մարտի 1-ից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանի կողմն անցած կուսակցության երկրորդ դեմքի հետ: Ներկաներն այն գնահատեցին որպես հանրապետականի երախտագիտության համբույր: Դիտեք նաև տեսանյութը