Սիրիահայ ընտանիքը ժամանեց Երեւան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են սիրիահայ Գոհար և Ջորջ Գալուստյանների 4 հոգանոց ընտանիքին, որը Հայաստան հասավ Դուբայ-Երևան չվերթով։ Վեց տարի շարունակ կրակահերթերի տակ ապրող ընտանիքի համար Հալեպը լքելու որոշման պատճառ դարձան վերջին պայթյունները, երբ գետնին հավասարեցվեց նրանց տունը։ «Մի հրթիռ տունը փլատակ դարձրեց, երեխաներին ու ամուսնուս քարերի տակից հանեցինք՝ արյունոտ վիճակի մեջ։ Եկան օգնության հասան և հիվանդանոց տարան։ Երկրորդ հրթիռը շատ ուժեղ էր, շենքը քարուքանդ արեց», -ասաց Գոհար Գալուստյանը։ Գալուստյաններն ապրում են Հալեպի Նոր Գյուղ թաղամասում, որ մինչեւ վերջերս անվտանգներից է համարվել։ Այս դեպքից հետո մեկ շաբաթ մնացել են Գոհարի մոր տանը, այնուհետ Խանասորի ճանապարհով Հասել Բեյրութ. «Հալեպից մինչև Լիբանան գնալն է շատ մեծ գումար պահանջում, մինչև 100 000 սիրիական գումար է պահանջում։ Հալեպահայությունն ուզում է դուրս գալ, բայց նյութական է պետք, որ ժողովուրդը կարողանա դուրս գալ քաղաքից»։ Գալուստյանների ընտանիքին Երևան հասնել օգնել է «Հալեպ» կազմակերպությունը, որը հոգացել է տոմսի գումարը։ 2015-ից սկսած Հայաստան է եկել մոտ 250 սիրիահայ։ Հայաստան գալու համար դիմումների հոսքը շարունակվում է։ «Ցանկացողները շատ են, բայց միջոցներ չունեն ըստ երևույթին։ Կամ միգուցե չեն ցանկանում լքել Սիրիան»,- ասաց «Հալեպ» կազմակերպության ներկայացուցիչ Շուշան Կարապետյանը։ Նրա խոսքով՝ Հայաստան գալուց հետո սիրիահայերը նոր խնդիրների առաջ են կանգնում։ «Աշխատանք գտնելը դժվար է, ադապտացվելը դժվար է։ Ճիշտ է՝ հայրենիք է, բայց միջվայրը տարբեր է։ Գալուստյանների ընտանիքը օդանավակայանից միանգամից ուղևորվում է Յարմոլյանների տուն, որը հանձն է առել 6 ամսով անվճար բնակարան հատկացնել 4 հոգանոց ընտանիքին։ Գալուստյանները դեռ չեն որոշել, վեց ամիս հյուրընկալների տրամադրած ընտանիքում ապրելուց հետո, ինչ են անելու։