Արայիկ Խանդոյանի եղբոր գործն ուղարկվել է այլ դատարան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործն ընդհատության կարգով Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է Կենտրոնի դատարան: Դատավոր Վարդան Գրիգորյանը իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ քրեական գործում եղած նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է. 2016 թվականի հուլիսի 20–ին, մեղադրյալներ Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի կողմից ենթադրյալ կատարված հանցագործությունները տեղի են ունեցել Երևանի Մ.Խորենացու եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկում։ Համաձայն Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի գրության, Երևանի Մ.Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկի տարածքը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Արարատ Խանդոյանի գործը մակագրվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Նիստի օր դեռ չի նշանակվել: Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգությունների ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել, քաշքշել է ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաեւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը: Արարատ Խանդոյանն իր դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում։