«Որքանո՞վ է օբյեկտիվ, երբ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում» (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, շնորհավորելով մի շարք գերատեսչությունների նորանշանակ ղեկավարներին, կրկին ներկայացրեց իր հանձնարարականները կոնկրետ նախարարությունների: Նա Կրթության եւ գիտության նախարարին ու մարզպետներին հանձնարարեց յոթօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել կրթության բարեփոխումների շուրջ. «Կրթական բնագավառի ընտրության ժամանակ ազգակցական, հովանավորչության եւ շահերի բախման հնարավորությունները բացառել, օրինակ, երբ մայր եւ աղջիկ նույն դպրոցում են աշխատում: Իհարկե, չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ: Ինչպես նաեւ՝ առնվազն մեկ դպրոցի հետ պարբերաբար պետք է հեռահաղորդակցական կապ ապահովել»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին էլ վարչապետը հանձնարարեց սոցիալական ծառայությունները հասանելի դարձնել. «Առաջարկություններ ներկայացրեք երեխայի ծննդյան միանվագ նպաստից առցանց օգտվելու համար: Ինչպես նաեւ՝ կենսաթոշակ նշանակելու դիմումը մարդիկ կարողանան ներկայացնել ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից»: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարեց մարզական ՀԿ-ների մասին տալ տեղեկություններ, թե մարզական բնույթի ինչ միջոցառումներ են կազմակերպելու եւ դրանց հիմնավորվածությունը, կրճատել անարդյունավետ ծախսերը, եւ խնայված միջոցներն ուղղել սպորտի մասսայականացմանը. «Առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումները մենք մեր առօրյայում պետք է զգանք: Եթե պետք է ազգային հանրապետական ծրագիր մշակենք, որ դա դառնա մեր կյանքի ոճը: Ես ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել: Ինչպես նաեւ՝ մաքսիմալ թափանցիկ ու բաց պետք է աշխատել մամուլի հետ, որ նրանք տեղյակ լինեն՝ ինչ ենք անում, ինչի համար ու ուր ենք գնում»: