Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Մշակույթ

Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի «Վերադառնալ» ֆիլմն, ինչպես վստահեցնում է ռեժիսորը, ճակատագրական ընթացք է ունեցել: Ռեժիսորն երեք անգամ տարբեր առիթներով եղել է Թուրքիայում եւ միայն այսօր կկայանա ֆիլմի պրեմիերան, թեեւ «Ոսկե ծիրան» ֆիլմերի փառատոնին ֆիլմն արդեն ներկայացվել էր: Այս անգամ ֆիլմը ներկայացվելու է հայերեն թարգմանությամբ:

Ֆիլմի փաստերն հիմնված են ռեժիսորի պապի՝ Ավետիսի պատմածների ու հայ գրող Հակոբ Օշականի ստեղծագործության վրա: Ֆիլմի նկարահանումներն արվել են Թուրքիայի Սոլոզ գյուղում:

Սոլոզը ռեժիսորի պապական գյուղն է, որի բնակիչների մեծ մասը Ցեղասպաությունից հետո հանգրվանել են Ֆրանսիայում: «Սոլոզցիները Ֆրանսիայում շատ են սիրում պատմել իրեց գյուղի մասին, թե ինչպիսի հարուստ գյուղ է այն եղել: Այս իմաստով, ֆիլմը կառուցված է հիշողությունների վրա»,-պատմում է Սերժ Ավետիքյանը:

Ֆիլմը 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի մասին է, սակայն, ինչպես վստահեցնում է ռեժիսորը, այն իր բնականոն զարգացող սյուժեից բացի չի պարունակում հավելյալ ինֆորմացիա ցեղասպանության մասին: «Դիտմամբ արված ոչինչ չկա ֆիլմում, ոչինչ չեմ ուզել ապացուցել: Շատ ռեժիսորների պես չեմ ցանկացել ֆիլմն օգտագործել ցեղասպանության մասին այլ փատեր ներառելու համար: Ձգտել եմ միայն սյուժեով ընթանալ, ներկայացնել գործողություն: Ֆիլմը քաղաքական ենթատեքստ չունի. միայն փոխանցվում են զգայուն մարդկային հարաբերությունները, որոնք ամեն տեսակի մեկնաբանություններից առավել են»,-ասում է Սերժ Ավետիքյանը:

Առաջին անգամ Սերժ Ավետիքյանն իբրեւ ֆրանսիացի ռեժիսոր էր հրավիրված Թուրքիա` Ստամբուլում տեղի ունեցող թատրոնի միջազգային փառատոնին: «Այդ ժամանակ չգիտեի՝ կգտնե՞ի այդ գյուղը...Սա այն ժամանակներն էր, երբ եվրոպական պարլամենտը սկսել էր խոսել Հայոց ցեղասպանության մասին, եւ ուղղակի լարված իրավիճակ էր Թուրքիայում»,- պատմում է ռեժիսորը: Նրան հաջողվում է գտնել գյուղը, որն արդեն ուներ նոր անվանում՝ Ենի, այսինքն՝ Նոր: Խոսում է բնակիչների հետ՝ առանց թաքցնելու իր ով լինելը եւ գալու նպատակը, նույնիսկ ասում է իր ազգանունը:

Ռեժիսորի հավաստմամբ, գյուղի բնակիչներն իրենք էին ցանկանում խոսել հայերի ու նրանց նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին: Որքան մեծ է եղել ռեժիսորի զարմանքը, երբ պարզել է, որ թուրքերն ունեն ցեղասպանություն բառը՝ սոյքրիմ, որը երկու-երեք անգամ ասվում է ֆիլմում: «Ես նրանց չեմ դատում, հասկացել եմ, որ նրանք ոչինչ չգիտեն այդ մասին, նրանք էլ են գաղթական, քանի որ թուրքական կառավարությունը նրանց այստեղ է բերել փոխանակման ծրագրով եւ հմտորեն թաքցրել ճշմարտությունը: Նրանք ցանկանում են իմանալ, թե իրենցից առաջ ովքեր են եղել այստեղ, մանավանդ, որ Սոլոզը հարուստ գյուղ է եղել եւ նրանք, այստեղ գալով, մեծ հարստության տեր են դարձել: Նույնիսկ միֆ է պտտվում այն մասին, որ իբր հայերի դեռ շատ գանձեր կան չհայտնաբերված, որոնք պետք է գտնել: Նրանցից շատերը նույնիսկ գծագրեր են անում՝ գանձերը գտնելու համար, իսկ ոմանք էլ կոնկրետ վայրեր են նախանշում: Եվ այս ամենն աթաթուրքն ինչպես պատմության մի էջ պտտել ու իր ժողովրդին ներկայացրել է, որ թուրքերի պատմությունը սկսվում է 1923թ.»,-ասում է Սերժ Ավետիքյանը: Նրա ներկայացմամբ՝ թուրքերն այն կարծիքին են, որ ժամանակն է, որ ոչ թե ուղղակի երկխոսություն սկսել , այլեւ գնան-գան, ինչպես նրանք են անվանում Հայատանը՝ Էրմենստան:

Սակայն, թուրքերի այսպիսի բարյացակամ տրամադրվածությունը Սերժ Ավետիքյանն այնքան էլ միամիտ չի համարում, քանի որ, ըստ նրա, թուրքերը ցանկանում են «օգտագործել» հայերի էությունն իրենց օգտին. «Նրանք շատ լավ գիտեն, որ բոլոր հայերն էլ ինձ պես կուզեն գալ ու տեսնել իրենց պապերի ծննդավայրը: Նրանք շարունակում են ապացուցել, որ գյուղում պահպանվել են հայերի շատ հիշատակներ՝ գերեզմանաքարեր, տներ, որոնք կարող են նպաստել տուրիզմի զարգացմանն ու իրենց շահույթ բերել: Նույնիսկ Համիդ անունով մի տղա Թուրքիա իմ երկրորդ այցելության ժամանակ ասաց, որ կցանկանար գյուղի ամենագեղեցիկ հայկական տունը գնել ու այնտեղ տեղափոխել այս բոլոր հիշատակներն եւ թանգարան բացել»,- պատմում է ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:

Ֆիլմում նա անդրադառնում է նաեւ «արդար թուրքերին», որոնք Ցեղասպանության տարիներին օգնել ու նաեւ հանգրվանել են հայերին: Այսպիսով, ռեժիսորը ցանկացել է նշել, որ պետք չէ միակողմանի անդրադառնալ փաստերին, չէ՞որ նրանց մեջ էլ կան մարդիկ...