«Ես կարիք ունեմ ճշտվելու». Փայլակ Հայրապետյանը կդիմի նոր վարչապետին (տեսանյութ)
Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ իր ունեցվածքը կորցրած և Հովիկ Աբրահամյանի օրոք հետ չբերած գործարար Փայլակ Հայրապետյանը դիմելու է նորանշանակ վարչապետին։ «Սա չդիմելու բան չի, ես իմ ունեցածը 33 մլն-ի ներդրել եմ, որպեսզի 10 հազար բանվոր աշխատի»,- ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը: Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 20 օրով հետաձգվեց այս գործով դատավարությունը՝ մինչեւ Փայլակ Հայրապետյանի շահերի նոր ներկայացուցիչները կծանոթանան գործի 34 հատոր նյութերին։ Օֆշորային սկանդալի այս գործով շարունակում է մնալ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը։ Հենց նրան է Փայլակ Հայրապետյանն իր ունեցվածքն առանց հետագա պարտավորությունների եւ պայմանագրի տրամադրել՝ Հայաստանում ադամանդագործության բիզնես սկսելու համար։ «Եվ դրա արդյունքը ի՞նչ եղավ: Եղավ մի բան, որ գումարները գնաց նախկին վարչապետի, Կճոյանի հաշիվների վրա օֆշորում, օֆշորից եկավ այստեղ սկսեցին նվերներ, ոսկի առնել: 9 մլն 700 հազար դոլար գնացել է օֆշոր»,- ավելացրեց ունեզրկված գործարարը: Օֆշորային սկանդալում շրջանառվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները: Հետագայում Աշոտ Սուքիասյանը հայտարարել էր, թե ինքն էր կեղծել նրանց ստորագրությունները: Հիմա էլ նրանք չեն տալիս իրենց ստորագրությունները՝ գործում հստակեցում մտցնելու համար: «Եթե իրենք մաքուր են, ի՞նչն է պատճառը, թող ստորագրություն տան: Ես չեմ ուզում իրենք հանցագործ լինեն, բոլորովին: Դրա կարիքը ես չունեմ, բայց կարիք ունեմ ճշտվելու, իրենք գոյություն ունեն դրա մեջ, թե՝ ոչ: Թե նրանց էլ է խաբել, ոնց որ ինձ է խաբել»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին: