«ԳԱԼԱ»-ն դիմել է վարչական դատարան (տեսանյութ)
«ԳԱԼԱ» կուսակցությունը պահանջում է անվավեր ճանաչել Գյումրու ՏԻՄ ընտրությունները եւ մանդատների բաշխման գործընթացը: Այդ իսկ պատճառով նրանք նաեւ առանձին հայց են ներկայացրել Վարչական դատարան: Կուսակցությունը Գյումրիում ավելի լավ արդյունք է ակնկալել: Ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանը նշում է՝ արդյունքների վրա ազդել է նաեւ մարդկանց տեղափոխելը եւ ուղղորդելը. «Միգուցե մեզ չեն ընկալել որպես կուսակցություն, այլ ընկալել են որպես լրագրողներ, ցանկացած հանդիպման որ գնում էինք, առաջինը, որ մեզ դիմում էին, ասում էին՝ վայ մեր լրագրողներն են եկել, մարդկանց մեջ նստած չէր որպես քաղաքական ուժ»,- այսօր «ՏԻՄ ընտրություններն ու ներքաղաքական զարգացումները Գյումրիում»թեմայով քննարկման ժամանակ նշեց Քրիստինա Մկրտչյանը: Նա կատակում է՝ միգուցե իրենք էլ մարդկանց ավտոբուսներով տեղափոխեին ընտրատեղամասեր եւ իշխանությունների հետ իրենց լեզվով խոսեին: Գյումրու ավագանու թեկնածու Արմենուհի Վարդանյանն էլ անդրադարձավ ընտրության օրը տեղի ունեցած ընտրախախտումներին: «Այս ընտրություններին անգամ մեկ քվեի գողությունը, անգամ մեկ քվեի կեղծումը իր ազդեցությունն է թողել: Ամեն ինչ արվեց, որ լինեն այն արդյունքները, ինչը եղավ»,- ասաց Արմենուհի Վարդանյանը: Նրա խոսքերով՝ «Գյումրեցու ոգի» կուսակցության բոլոր քվեաթերթիկները եղել են կանաչ գույնով նշված, տարբերակելու համար գրիչներ են տվել: Ներկայումս ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը եւ նիստին մասնակցում են միայն «Բալասանյան» դաշինքի ցուցակում ընդգրկված 17 ավագանու անդամները: «17 հոգանոց կազմը ստիպված է ժրաջան աշխատել եւ ոչ մեկը չհիվանդանա: Բալասանյանը իրենց գրկաբաց է ընդունելու ձեռքերի վրա է տեղափոխելու, թող աշխատեն, սովորեն, ինչպես է պետք աշխատել»,- ավելացրեց Գյումրու ավագանու թեկնածու Էդուարդ Մխիթարյանը: Ընտրությունների արդյունքներով՝ Գյումրու ավագանու 17 մանդատ տրվել է «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին: