Սիրիահայը աշխատողներ է փնտրում (տեսանյութ)
Մեկ տարի առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխված Պետրոս Գևորգյանը աշխատողներ է փնտրում՝ իր եւ գործընկերոջ հիմնած կոշիկի արտադրամասում աշխատելու համար։ «Աշխատող մարդը ուր էրթա աշխարհի մեջ, կաշխատի: Այս ինչ բանը արտադրեցի, հաջողություն չստացավ, ուրիշ բան մը կարտադրեմ: Ճյուղ մը պիտի ըլլա, որ հաջողություն ստանաս, փորձելն է կարևոր»,-ասում է նա: Երեւանում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում նա ներկայացնում է, թե ինչպիսի աշխատողներ է փնտրում. «Կջանանք 1970-80 ական թվականների արհեստավորները գտնալ: Հին սերունդը եւ նոր սերունդը երբ աշխատում են միասին, լավագույն բան մը կստացվի»: Մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Մովսիսյանը մի քանի օրից դառնում է 60 տարեկան: Մեկ տարի առաջ հիվանդության պատճառով նրան աշխատանքից ազատել են: Առ այսօր նա գործազուրկ է: «Մարդիկ տարիքային սահմանափակումներ են դնում: Գրում են՝ 35 տարեկանից ոչ բարձր, լինի ավարտած, բանակում ծառայած, լեզուներ իմանա, էդ դարձավ արդեն 40 տարեկան, չի լինում այդպես»,-դժգոհեց նա: Սերգեյ Մովսիսյանն այս տոնավաճառից ակնկալիքներ չունի, թեեւ գրեթե բոլոր տաղավարներին մոտեցել ու աչքի տակ անցկացրել է նաեւ ոչ մասնագիտական աշխատանքները: Իսկ ահա բանակից վերջերս զորացրված 24-ամյա ֆինանսիստ Պետրոսը լսել անգամ չի ցանկանում ոչ մասնագիտությամբ աշխատելու մասին։ «Եթե դու տեսնում ես քեզ մի ոլորտում, ունես որակներ, որոնք քեզ կօգնեն աշխատել քո ցանկացած ոլորտում, այլ գործ եթե անես, դա քեզ խանգարելու է հասնել քո նպատակներին»,-նշեց նա: Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Երևանում գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում 16336, որի մեծ մասը՝ 74,8 տոկոսը կանայք են: Գործազրուկների շրջանում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները: